20/02/2020 18:56
Գիտնականները պարզել են՝ ինչպես է արագ սնունդը սպանում ուղեղը
Սննդակարգում ֆասթֆուդի ավելցուկը խաթարում է ուղեղի վերահսկողությունն ախորժակի նկատմամբ, ինչը հանգեցնում է չափից ավելի ուտելուն, նաև բացասաբար է անդրադառնում հիշողության վրա, պարզել են Մաքուորի համալսարանի ավստրալացի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է «Royal Society Open» ամսագրում:
Աշխատության հեղինակներն առանց ավելորդ քաշի երիտասարդ առողջ հարյուրավոր մասնակիցների բաժանել են երկու խմբի: Փորձը տևել է մեկ շաբաթ: Առաջին խումբը սնվում էր սովորականի նման, իսկ երկրորդը ստիպված էր շաբաթական առնվազն երկու անգամ ուտել արագ սնունդ, ինչպես նաև շաբաթական առնվազն չորս անգամ ուտել երկու բելգիական վաֆլի:
Փորձի առաջին և վերջին օրը կամավորները լաբորատորիայում նախաճաշել են, բոլորն էլ ստացել են տապակած սենդվիչ և կաթնային կոկտեյլ: Նախաճաշից առաջ և դրանից հետո հետազոտողները նրանց առաջարկել են վնասակար սննդի վեց նմուշ (չոր նախաճաշ, սենդվիչներ շոկոլադե մածուկով) և հարցրել են՝ ինչից և որքան կցանկանային հիմա ուտել: Փոքր չափաբաժին ստանալուց հետո անհրաժեշտ էր տեղեկացնել, թե որքան են համտեսել և արդյոք ավելին են ուզում:
Ինչպես պարզվել է, ճարպով և շաքարով հարուստ սննդակարգը խանգարում է ուղեղի ախորժակի վերահսկմանը. այն խումբը, որը մեկ շաբաթ կերել է ֆասթֆուդ, ցանկանում էր ավելին ստանալ և ավելի շատ ուտել: Բացի այդ, մասնակիցների ճանաչողական ունակությունների ստուգումը ցույց է տվել, որ նրանց հիշողությունը վատթարացել է: Հետազոտողները նման փոփոխությունները վերագրում են հիպոկամպի վրա անհավասարակշռված դիետայի ազդեցությանը:
Նախկինում գիտնականները կենդանիների վրա փորձարկումներով էին նման արդյունքներ ստանում: Վնասակար սննդի ազդեցության ճշգրիտ մեխանիզմներն ուղեղի գործառույթի վրա, այնուամենայնիվ, դեռ պետք է նոր բացահայտվեն: