21/02/2020 14:05
Պետության առաջին դեմքերի գնումների գործընթացը փակ պահելը հարիր չէ հետհեղափոխական Հայաստանի համար. Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը կարծում է, որ Գնումների մասին օրենքում փոփոխություններ են անհրաժեշտ՝ պետք է թափանցիկ դարձնել պետության առաջին երեք դեմքերի՝ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի գնումների գործըթնացը:
«Դրանք փակ պահելը հարիր չէ հետհեղափոխական Հայաստանի համար», - ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց Մելիքյանը:
Նա նշեց, որ խոսքի ազատության կոմիտեն հեղափոխությունից հետո նորից բարձրաձայնել է հարցն այն մասին, թե վերը նշված անձանց ծախսերը չպիտի դասվեն պետական գաղտնիքի շարքին:
«Հեղափոխությունից հետո որոշեցինք այս հարցերը նորից բարձրացնել: Օրենքի նախագիծ պատրաստվեց և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այն շրջանառության մեջ է դրել: Չգիտեմ, թե ինչպես արդարադատության նախարարն այդ հարցը ներկայացրեց վարչապետին, բայց լավ հիշում եմ, որ կառավարության նիստին պարոն վարչապետն, իրեն հատուկ հումորով, ինչպես աբսուրդի վերածեց այս ամենն ասելով՝ «մի հատ էլ մեր մառշռուտը նկարագրեք՝ քանի թիկնապահ ունենք, ինչով են նրանք զինված և այլն»: Հետո, այս ամբիոնից նա հասկացավ, որ ամենևին էլ վատ նպատակներով չէ, որ մենք այդ առաջարկն արել ենք, այլ համարում ենք, որ հետհեղափոխական Հայաստանում ամոթ է այդ տիպի սահմանափակում մտցնել տեղեկատվության ազատության առումով», - ասաց Մելիքյանը:
Անդրադառնալով պնդումներին, որ նման տեղեկատվությունը գաղտնի պահելը կարող է պայմանավորված լինել ազգային անվտանգության տեսանկյունից, Մելիքյանն ասաց, որ համոզված է՝ կարելի է մշակել նախագիծ՝ հաշվի առնելով բոլոր մտահոգությունները: