21/02/2020 11:55
Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով Արցախում նախագահի հրաժարականը պահանջող մի խումբ ակտիվիստներ են բերման ենթարկվել
Artsakh1.am-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում ավտոերթ իրականացնող մի խումբ ակտիվիստների։ Վերջիններս հանդես են գալիս ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ոստիկանապետ Լևոն Մնացականյանի հրաժարականի կոչերով։
Ոստիկանական բաժանմունքում իրավապահները քաղաքացիներին չեն տեղեկացնում, թե ինչու են վերջիններիս բերման ենթարկվել։
Պարզաբանումներ ստանալու նպատակով Aysor.am-ը զրուցել է Արցախի Հանարապետության ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանի հետ, ով նշեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով երեկ ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման է ենթարկվել 8 քաղաքացի, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել (ժամը 21:50-ին):
Հարուցվել է վարչական վարույթ նշված օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում: Հարուցված վարչական վարույթի շրջանակում ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ:
Հիշեցնենք, որ բերման ենթարկվելուց հետո ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները բերման ենթարկված անձանց պարզաբանել են իրենց իրավունքները: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ բերման ենթարկված բոլոր 8 անձինք ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում:
Մանրամասները՝ տեսանյութում