21/02/2020 13:25
Վարչապետը Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պարգևատրեց 5-ական միլիոն դրամով (Տեսանյութ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներն այսուհետ պարգևատրվելու են 5 մլն-ական դրամով: Նախկինում Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման նպատակով չի նախատեսվել բյուջետային խրախուսում, իսկ այս տարի պետական բյուջեի պահուստային ֆոնդից այդ նպատակի համար ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում այսօր ընդունեց առաջին պարգևատրվողներին՝ 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներին՝ Ալեքսանյան Արթուր (հունահռոմեական ըմբշամարտ), Ալեքսանյան Ռուբեն (ծանրամարտ), Ավետիսյան Արթուր (մարմնամարզություն), Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ), Գալստյան Սլավիկ (հունահռոմեական ըմբշամարտ), Կիրակոսյան Տիգրան (սամբո), Հարությունյան Արսեն (ազատ ոճի ըմբշամարտ), Մարտիրոսյան Սիմոն (ծանրամարտ), Մինասյան Գոռ (ծանրամարտ), Մկրտչյան Հակոբ (ծանրամարտ):
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մասնակիցների անվանացանկը (25 մարզիկ) կազմվել է հետևյալ ընթացակարգով․ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին ներկայացրել է 2019 թ․-ի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող մարզիկների անվանացանկը, իսկ ֆեդերացիաները ներկայացրել են 1-3 մարզիկի թեկնածություն, ովքեր անցած տարի ունեցել են նշանակալի մարզական նվաճումներ, գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում գրանցել են անհատական հաջողություններ և իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել:
Լավագույնները որոշվել են նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների), լրագրողների և sms քվեարկության համադրմամբ. բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմել է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը: