22/02/2020 10:24
«Հրապարակ». Պատկառելի գումարներ են ծախսվելու «այո»-ի քարոզարշավի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. ««Այո»-ի թիմն արդեն մշակել է իր ստրատեգիան և գործի անցել: Որոշել են քարոզարշավի ամեն օրվա համար մեկական տեսահոլովակ նկարել: Հոլովակները մոնտաժում են հեղափոխության ժամանակ հանրահավաքների կադրերից, որ մարդկանց մոտ նոստալգիկ զգացումներ արթնացնեն և «հեղափոխությանն» «այո» ասելու բուռն ցանկություն։
Արդեն իսկ 10 օրվա հոլովակները պատրաստ են, ընթացքում պատրաստվում են էլի նկարել: Այդ աշխատանքը ղեկավարում է շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, որը հանդիպումներ է ունենում ռեժիսորների և PR մասնագետների հետ, նրանց առաջարկները լսում, որ ներկայացնի «Քաղպայմանագրի» նիստին, և որոշեն, թե մնացած քարոզչական աշխատանքներն ում են պատվիրելու:
Երգ գրելու և տարբեր բնույթի տեսահոլովակներ նկարելու առաջարկներ էլ են ստացվել: Նաև մեծ գումար են նախատեսել լրատվական կայքերում գովազդ տեղադրելու համար՝ ամենախոշոր գովազդային գործակալություններից մեկի հետ են համագործակցում: Մի խոսքով՝ պատկառելի գումարներ են ծախսվելու «այո»-ի քարոզարշավի վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։