22/02/2020 10:26
«Փաստ». Կարևորը նախկինների թեմայով «տեսարաններ» լինեն
«Փաստ» թերթը գրում է.
«Հայաստանի ներկայիս իշխանությունները հասարակական տրամադրությունների վրա ազդելու ոչ օրիգինալ, բայց սեփական ճանապարհն են ընտրել: Ցանկացած պահի, երբ ակնհայտ է դառնում վարկանիշի էական նվազումը, էլ չենք խոսում որևէ ընտրական գործընթացի կամ կարևոր հարցի «անցկացման» մասին, իշխանությունները հեղինակում են մի նոր շոու, որը հանրության որոշակի հատվածի կպահի էյֆորիկ տրամադրության մեջ:
Ո՛չ աշխատանքի արդյունավետությունը, ո՛չ իրական, շոշափելի արդյունքները փաստացի առաջնային չեն դառնում: Կարևորը «տեսարան» լինի՝ նախկինների հավերժական թեմայով, մի քիչ՝ «ասֆալտին փռելով», մի քիչ՝ «պատերին ծեփելով», մի քիչ՝ «դուրսպրծուկային» կարգի գնահատականներով և այլն:
Հասկանալի է, որ առաջիկա հանրաքվեն էլ նման «տեսարանների» պակաս չի ունենալու, միայն հետաքրքիր էր, ինչպես են սկսելու քարոզչությունը: Իսկ քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով»: Բայց, ինչպես ասում են, «սրանք դեռ ծաղիկներն են»: Այնպես որ, մեր հանրությունը կարող է պատրաստ լինել, որ մինչև ապրիլի 5-ը նման շոուների պակաս չենք ունենալու. գուցե ոչ ամենօրյա ռեժիմով, բայց պարբերաբար կտեսնենք: Ուրեմն, պարզապես մնում է միայն նյարդերն ամուր պահել...»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։