23/02/2020 19:39
Հայաստանը 2 շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանը 2 շաբաթով կդադարեցնի Իրանի հետ հաղորդակցությունը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։
Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։
Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովն, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։
Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են», - գրել է վարչապետը: