24/02/2020 15:50
Ռուբեն Մխիթարյան. Այն պահին, երբ իշխանությունը կհասկանա, որ իր համար չպետք է լինեն «դիմադիր» ու ընդդիմադիր, այլ՝ պրոֆեսիոնալներ ու ոչ պրոֆեսիոնալներ, կհաջողի տարբեր ասպարեզներում
Շատերիս մոտ Գյումրին ասոցացվում է իսկական հայկական հյուրասիրության, հումորի ու բարձր տրամադրության հետ: Սովորության ուժով բոլորս գիտենք, որ գյումրեցին պարտադիր պետք է ծիծաղեցնի, յուրաքանչյուր նախադասությունը՝ անկախ զրույցի թեմայից ու ֆորմատից, միշտ պետք է ժպիտ պարգևի: Գյումրեցի հենց այդպիսի կերպար է Ռուբեն Մխիթարյանը, որի պատրաստած հումորային հոլովակները բառի բունի իմաստով «պայթեցնում են» համացանցը՝ յուրաքանչյուրը կես միլիոնից մինչև երկու միլիոն դիտում հավաքելով:
Առաջին մասնագիտությամբ շինարար-ճարտարագետ, երկրորդ մասնագիտությամբ՝ ռեժիսոր Մխիթարյանը 20 տարուց ավելի գործունեություն ծավալելով հեռուստատեսությունում՝ ամիսներ առաջ հայտարարեց՝ ընդմիշտ հեռանում է հեռուստաոլորտից: Հայրաքաղաք վերադառնալուց հետո Մխիթարյանը հիմնել է Գյումրիի «HighCLASS» կրթամշակութային բարեգործական հիմնադրամը, որի շրջանակներում իրականացնում է հասարակական ու բարեգործական տարատեսակ աշխատանքներ: Մխիթարյանը նաև անվճար դասընթացներ է կազմակերպում երիտասարդների համար՝ նրանց հեռուստատեսության ոլորտում գիտելիքներ փոխանցելու համար, ինչպես նաև փորձում է ակտիվացնել քաղաքի կյանքը՝ համահայկական տոները առանձնակի շուքով հենց Գյումրիում տոնելու համար: Ամենահիշվող տոներից մեկը Վարդավառն էր, երբ ողջ երկրից հազարավոր մարդիկ մեկնել էին Գյումրի մասնակցելու տոնին, որն այնքան լավ էր կազմակերպված, որ ստվերում թողեց անգամ Երևանում կայացած միջոցառումները:
Aysor.am-ը զրուցել է հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հետ:
- Պարոն Մխիթարյան, ժամանակ առ ժամանակ Ձեր ֆեյսբուքյան էջում պոզիտիվ տեսահոլովակներ եք հրապարակում, որոնցում հումորով անդրադառնում են քաղաքական անցուդարձին: Հեռուստաոլորտից հեռանալուց հետո այդպես Ձեր կարո՞տն եք առնում: Նաև, ի՞նչ հաճախականությամբ սպասենք հերթականներին:
- Անկեղծ ասած՝ զբաղվածությունս այնքան շատ է, որ այս տեսանյութերը ձեռքի հետ եմ անում: Հաջող են ստացվում երևի հենց այն պատճառով, որ ինձ հիշեցնում են իմ նախկին՝ հեռուստատեսային աշխատանքի մասին, որը միշտ սիրով եմ կատարել: Բայց այ, տեսահոլովակների հաճախականության համար պետք է դիմեք մեր կառավարությանն ու Ազգային ժողովին, թեման իրենք են ապահովում: Անձամբ խնդրում եմ՝ հաջորդ անգամ Արարատ Միրզոյանին հարցրեք՝ ե՞րբ կլինի այն քառօրյա նիստը, որը կապահովի Ռուբեն Մխիթարյանի հերթական տեսահոլովակի նյութը (ծիծաղում է՝ հեղ.)… Իրականում, այս տեսահոլովակները սիստեմատիկ բնույթ չունեն: Երբ թեմա է հավաքվում, սիրով պատրաստում եմ: Եվ այո, ես հասկացել եմ, որ համացանցի հայկական տիրույթում այսօր երկու մարդ է եղանակ ստեղծում. այդ երկուսից մեկը ես եմ…
- Իսկ հիմնական զբաղմունքը ո՞րն է:
- Շուրջ կես տարի է՝ ստեղծել ենք Գյումրիի «HighCLASS» կրթամշակութային բարեգործական հիմնադրամը, որի աշխատանքներին կպած եմ ամբողջ հոգով, սրտով, ֆիզիկական ու մտավոր բոլոր ունակություններով: Այս ամիսների ընթացքում բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել, մաստերկլասներ ենք անցկացրել: Ներկա պահին գրում ենք Հայաստանի համար տուրիստական ռազմավարական պլան. իրադարձություններ, «իվենթների» տեսակներ, որոնք նպաստելու են ներգնա տուրիզմի զարգացմանը, նաև մեծ հետաքրքրություն են առաջացնելու դրսից Հայաստան եկող զբոսաշրջիկի մոտ: Սկսելու ենք Շիրակի մարզից ու տարածվելու ենք ամբողջ Հայաստանում: Տարվա կտրվածքով յուրաքանչյուր մարզում կկազմակերպվի 2-3 ինքնատիպ միջոցառում, որն այդ ընթացքում բոլորի ուշադրությունը կսևեռի այդ մարզի վրա ու մարդկային մեծ հոսք կապահովի: Սա մանրակրկիտ բիզնես պլան է, որը ենթադրում է թե՛ մեծ ներդրումներ, թե՛ աշխատատեղերի բացում: Հույս ունենք, որ մինչև ամառ ծրագիրը կավարտենք… Ասեմ, որ «HighCLASS» հիմնադրամի առաջին նախագիծը Վարդավառի կազմակերպումն էր Գյումրիում, ինչն իսկապես աննախադեպ էր ոչ միայն Գյումրիի, այլ՝ ընդհանրապես Հայաստանի համար: Դա էին փաստում համացանցում արված հազարավոր գրառումները, ուղիղ եթերները: Աշխարհի բոլոր հայերը այդ եթերներին էին հետևում, մարդիկ ափսոսանք էին հայտնում, որ ժամանակին չէին տեղեկացել ու այդ օրը չէին եկել Գյումրի: Մեկտեղ, խոստանում էին, որ մյուս տարի անպայման են գալու:
- Իսկ շա՞տ հյուրեր ուներ այդ օրը Գյումրին:
- Մոտ 6000 այցելու, ովքեր մեծ բավականությամբ ու տպավորություններով հեռացան մեր քաղաքից: Դրանից հետո 15-20 օր բազմաթիվ նամակներ էի ստանում, մարդիկ ասում էին, որ հաջորդ տարի էլ են գալու Գյումրի՝ մասնակցելու Վարդավառին: Ինձ և ընկերներիս համար այդ տոնի կազմակերպումը շրջադարձային էր, փառք Աստծո՝ ստացվեց շատ լավ, ինչի արդյունքում որոշեցի ամբողջությամբ նվիրվել հիմնադրամի աշխատանքներին
- Եթե չեմ սխալվում՝ 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում Վարդավառն այդքան հանրային նշվեց: Նման մեծամասշտաբ միջոցառմանը Գյումրին կարոտել էր…
- Վարդավառն՝ այո, բայց մեծամասշտաբ առաջին միջոցառումը 2016 թվականին Հռոմի պապի այցելությունն ու Գյումրու հրապարակում մատուցած Սբ. Պատարագն էր, ինչը շատ տպավորիչ էր: Այն մեծապես նպաստել է Գյումրեցու՝ կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքի փոփոխությանը, սեփական քաղաքին ու կացությանը նշանակություն տալուն: Գյումրեցին այլ կերպ սկսեց ընկալել ինքն իրեն: Ի վերջո, երբ 1 միլիարդ կաթոլիկ հավատացյալների հոգևոր առաջնորդը հենց քո քաղաքն է ընտրում, որպեսզի խորհրդանշական պատարագը մատուցի, ապա դա իսկապես պատմական հնչեղ իրադարձություն է: Քանի որ անձամբ եմ մասնակցել Հռոմի պապի այցելության մեդիա տարածմանը, կարգավորում էի տեղեկատվական հոսքերն ու շատ էի տպավորվել նրա այցով, որոշեցի՝ ինչ-որ մի օր այնպիսի միջոցառում պետք է անեմ, որը մարդկանց «կպարտադրի» գալ Գյումրի:
Համոզված եմ՝ ինչպես Փարիզը, այնպես էլ Գյումրին, սիրո քաղաք է: Ով մեկ անգամ այցելում է մեր քաղաք, հավերժ սիրահարված է մնում: Այո՛, Վարդավառին էլ մարդիկ տարբեր քաղաքներից եկան ու սիրահարվեցին, իրենց հայացքները թեքեցին դեպի Գյումրի, ու հենց դրա արդյունքում էր, որ Գյումրու տոնը շատ-շատերը հենց Գյումրիում որոշեցին նշել…
Վարդավառից հետո մեր կազմակերպած երկրորդ մեծ միջոցառումը եղել է սեպտեմբերի 15-ին՝ Սուրբ Խաչի տոնին. Շուշիում Պարգև սրբազանի օրհնությամբ Ապրիլյան պատերազմի անմահ հերոսների հարազատների մկրտությունը տեղի ունեցավ (մոտ 90 հոգի՝ 4 ամսականից 42 տարեկան), կնքահայրերի պարտականությունն իրենց վրա էին վերցրել անմահացած հերոսների ծառայակից ընկերները: Փաստորեն, տղաները երդում տվեցին հիմա էլ ընկերների ընտանիքիների կողքին լինել:
Շատ խորհրդանշական, հուզիչ ու կարևոր արարողություն էր՝ անվանական ոսկյա խաչերով ու 44 քավորների մասնակցությամբ: Շուշիում այդ պահին Հայաստանից ու Արցախից 260 մարդ կար, մասնակցում էր նաև Արցախի բարձրագույն ղեկավարությունը: Այնուհետև մատաղի արարողություն արեցինք: Բոլորս գիտակցում էինք, որ այսկերպ մի նոր սկիզբ է սկսվում, բարեկամություն, հարազատություն է ձևավորվում Ապրիլյան պատերազմի մասնակիցների և իրենց զոհված ընկերների ընտանիքների, հարազատների միջև… Մեկ միջոցառում էլ նոյեմբերին էր՝ ուսանողների միջազգային օրը: Երբ իմացանք, որ բարձրագոչ կոչերից բացի այլ բան չի նախաձեռնվում ուսանողների համար, որոշեցինք Գյումրիում կազմակերպել ուսանողների օրը: Դա մեծ «փարթի» էր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որին մասնակցեցին Գյումրու բուհերի 350 ուսանողներ: Ցավոք, դա այդ օրվա միակ միջոցառումն էր, որևէ պետական կառույց որևէ միջոցառում չէր կազմակերպել…
- Քանի որ հմտացած եք այն ոլորտում, որ կարողանում եք միջոցառումներն այնքան ճիշտ կազմակերպել, քիչ գումարով շատ զբոսաշրջիկներ բերեք քաղաք, ովքեր իրենց հերթին ներդրում են անում՝ տարբեր հաստատություններում գումար ծախսելով, միջոցառումների ընթացքում պետական ֆինանսական աջակցություն ստանո՞ւմ եք, կամ կա՞ համագործակցության առաջարկ:
- Այսքան ժամանակ ոչ մի միջոցառում պետական աջակցությամբ չենք արել: Միայն Վարդավառի միջոցառման ժամանակ դիմել եմ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որպեսզի հնարավորություն ընձեռվի Գյումրիում նման միջոցառում կազմակերպել: Իրենք էլ մեծ խանդավառությամբ ինչով կարողացել են՝ աջակցել են: Բայց այս խնդրանք-դիմումս ֆինանսի հետ որևէ կապ չուներ… Ընկերներով Վարդավառի միջոցառման համար 2 հազար դոլար էինք ներդրել, 6 հազար մարդ էր եկել, ու երբ խոսում էինք ռեստորանների ու հյուրանոցների սեփականատերերի հետ, հասկացանք, որ այդ ընթացքում այդ վայրերում մարդիկ ծախսել են 180-190 հազար դոլար: Ու սա միայն սպասարկման ոլորտում: Հավատացեք, դա լուրջ ցուցանիշ է:
Ծախսել 2 հազար դոլար ու քաղաք բերել 6 հազար մա՞րդ. հավատացեք՝ նման արդյունք չի կարողացել ապահովել անգամ պետությունը: Օրինակ, սեպտեմբերի 21-ին, եթե չեմ սխալվում, ծախսել էին մոտ 400 հազար դոլար, դրսից եկել էր 15 հազար մարդ… Ընդհանրապես, միջոցառումների կրեատիվ կազմակերպման մեջ պետք է ներգրավված լինեն ոլորտի լավագույնները՝ անկախ քաղաքական պատկանելությունից: Գոյություն ունի «երկրի ռազմավարական զարգացման պլան» հասկացողությունը՝ ո՞ւր ենք գնում ու ինչի՞ն միտված ենք աշխատում, նման բան մեր երկրում որևէ տեղ տեսե՞լ եք: Նույն ձև էլ վերաբերվում ենք միջոցառումներին. եթե պետական միջոցառումներ կազմակերպողները խորհրդով չեն դիմում այդ ոլորտում բարձր ցուցանիշ ցույց տված մարդկանց, ապա ի՞նչ կարող ես անել: Նույն բանն է տեղի ունենում, ինչ նախկինում. նորից հավաքվել է մի «թայֆա», որը որոշում է, թե այս կամ այն բնագավառում ի՞նչ ու ինչպե՞ս պետք է տեղի ունենա: Ասածս ոչ միայն միջոցառումներին է վերաբերվում, այլ ընդհանրապես՝ տարբեր ոլորտներին:
Ու որ պահին իշխանությունը հասկացավ, որ իր համար չպետք է լինեն դիմադիր ու ընդդիմադիր բժիշկ, շինարար, կամ արվեստագետ, այլ՝ պրոֆեսիոնալներ ու ոչ պրոֆեսիոնալներ՝ կհաջողի տարբեր ասպարեզներում: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալի կարողությունները պետք է օգտագործվեն ի շահ այդ երկրի: Քանի դեռ մեր իշխանությունները չեն եկել այդ գաղափարախոսությանն ու մտքին, մենք ունենալու ենք այն, ինչ ունենք… Ինչևէ, Ձեր հարցին պատասխանելով կասեմ, որ մենք Կառավարությունից ոչ աջակցություն ենք ստացել, ոչ էլ որևէ արձագանք: Ոչ մեկ չհարցրեց՝ «տղերք, ո՞նց արեցիք, որ այդպես ստացվեց, եկեք այս տարի մենք էլ ինչ-որ բանով աջակցենք, որ ավելի շատ միջոցառումներ անենք»… Իրենք չեն ասում, մենք էլ նման հանդիպում չենք փնտրում: Կասեն՝ կասեն, չեն ասի՝ կշարունակենք այնպես, ինչպես արել ենք (ժպտում է, հեղ.):
- Պետական մակարդակով կա՞ մոտեցում, որ եթե նախորդների հետ ես աշխատել, ուրեմն մեզ պետք չե՞ս…
- Ես կարծում եմ, որ կա:
- Այսինքն, այդ ատելության մթնոլորտ ասածը, որի մասին այսքան խոսում են, հենց այստեղի՞ց է ձևավորվում: Մարդկային, միջանձնային հարաբերությունները, հնի ու նորի տարանջատումը պետք է խանգարի՞ աշխատել հանուն երկրի:
- Գիտեք, երկիրը սիրելու մասին կարելի է անդադար խոսել, բայց երբ քո երկրում կան բազմաթիվ մարդիկ, որոնց համար «նոր արժեքներն» ավելի պոպուլյար են, քան ավանդականները, նորմալ չէ: Ինձ համար այդ արժեքները նման են ձեռքիս 5 մատներին՝ պետականություն, բանակ, հավատք, ընտանիք, ընկերություն: Այս հասկացողություններից, կամ՝ ձեռքիդ մատներից մեկը եթե կտրես, օրգանիզմն արդեն հաշմանդամ կհամարվի: Ըստ իս, մեր երկրի համար գերկարևոր է հետևել այս առաջնային արժեքների ձիգ ու ամուր մնալուն: Ցավոք սրտի, այսօր տարատեսակ ձևերով դրանք ոտնահարվում են: Գոնե ես ու իմ ընկերներն այն մարդկանցից ենք, ովքեր ոչ միայն ամուր են պահելու այդ արժեքները, այլև թույլ չեն տալու ոտնահարել: Այս արժեքները մեզ շուրջ 3 հազար տարի պահել են, ամենաքիչն՝ այդքան էլ դեռ կպահեն…
- Պարոն Մխիթարյան, մեծամասշտաբ անհանդուրժողականություն կա՞ մեր երկրում այսօր, այլախոհությունը չի՞ ընդունվում: Քանի որ հեռուստաընկերությունում եք աշխատել՝ հարցս վերաբերում է նաև իշխանության կողմից լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականությանը:
- Եթե համացանցում հեռուստաալիքների ու կայքերի ցանկեր են հրապարակվում ու հռչակվում թշնամական, ապա դա ի՞նչ է՝ հանդուրժողականությո՞ւն: Էլ չասեմ՝ մարդկանց անուններ, տան հասցեներ ու հեռախոսահամարներ: Նորմա՞լ է, որ այդ մարդկանց նկատմամբ այսպիսի ոտնձգություններ են տեղի ունենում: Ու այս ամենը զուտ այն պատճառով, որ այդ մարդը կամ այդ լրատվամիջոցը այլակարծություն կամ օբյեկտիվություն է դրսևորում: Վերաբերմունքն ու հարաբերություններն այնքան սրված է, որ շատ անգամ օբյեկտիվ գնահատականը վերագրվում է ընդդիմադիր գործելաոճի:
- 2018-ից առաջ այլակարծությունը, ազատ խոսքն ընդունվո՞ւմ էր:
- Եթե չընդունվեր, ճնշվեր ազատ խոսքը, այսինքն՝ լիներ այնպես, ինչպես Ադրբեջանում է (ինտերնետի անջատում, ընդդիմադիր կայքերի անհասանելիություն, ընդդիմադիր գործիչների ֆեյսբուքյան էջերի արգելափակում), ապա ՀՀ-ում տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին: Այստեղ մարդիկ հնարավորություն են ունեցել իրենց միտքն ու խոսքը հասցնել այն քաղաքացիներին, ովքեր կիսում էին իրենց կարծիքը:
- Գոնե համացանցում անհանդուրժողականությունը մեկ երես չունի, երկու կողմին՝ նախկին ու ներկա քաղաքական գործիչներին սատարողները հաճախ բավական գռեհիկ ու վիրավորական բառապաշար են օգտագործում իրենց մեկնաբանություններում ու գրառումներում: Ըստ Ձեզ, ո՞վ կամ ինչպե՞ս կկարողանա նման «թափը» կանգնեցնել:
- Հիվանդությունը բուժելու համար նախ պետք է հասկանալ հիվանդության պատճառը: Բոլորս էլ կարող ենք հանդուրժողականության կոչով հանդես գալ, բայց այդ բուժման դեղը, ըստ իս, մեկն է. մեր երկրի վարչապետն իր էջում կարող է հանդես գալ ու ասել. «Հարգելի հայ ազգ, ես բոլորիդ վարչապետն եմ՝ անկախ նրանից՝ դուք ինձ ընտրել եք, թե ոչ, իմ քաղաքական կուրսին հավանում եք, թե չեք հավանում: Ու խնդրում եմ՝ սիրեք զմիմիանս, իրար չտարանջատեք սևերի ու սպիտակների ու չպիտակավորեք»: Մեկտեղ կարող է հայտարարել, որ նա, ով վարչապետի էջում որևէ մեկին կպիտակավորի ու կհայհոյի՝ կարգելափակվի, կտեսնեք, թե ինչքան բան կփոխվի: Ուղղակի նաև այդ ասածին պետք է հետևողական լինի, բոլոր հայհոյողներին անպայման արգելափակի: Օրինակ, ես ու շատերը այդպես ենք անում: Անձամբ ես, անկախ նրանից, թե ում հասցեին են վիրավորական քոմենթ գրում, ջնջում եմ ու արգելափակում այդ մարդկանց: Եթե ես, ով 40 հազար հետևորդ ունի ու կարողանում է միայնակ անել դա, ապա երկրի վարչապետը, ով բազմաթիվ օգնականներ ունի, կարող է: Գիտեք, պատժիչ գործողությունն ամենաարդյունավետ գործողությունն է: Երբ մարդը տեսնում է, որ իր վիրավորական վերաբերմունքի արդյունքում ինքը «բլոկվում» է, չի խրախուսվում, կսթափվի: Ի դեպ, եթե դու ունես 600 հազար հետևորդ, դա նույնն է, որ, օրինակ, Հրապարակում ելույթ ունենաս: Պատկերացնո՞ւմ ես այդ ելույթի ժամանակ հետևորդներդ սկսեն սրան-նրան հայհոյել: Ոստիկանները բերման կենթարկեն չէ՞… Հիմա դու ունես հանրային հարթակ ու այդ հարթակում մարդիկ իրար գզում են, ինչ ասես ասում են, ու դու դրան ոչ մի ձև չես խոչընդոտում: Այս դեպքում ես ենթադրում եմ, որ դա քեզ երևի պետք է…
- Վերադառնալով Ձեր ներկայիս գործունեությանը՝ նկատեմ, որ հավանաբար, այս ակտիվության, ծավալուն գործունեության արդյունքում է, որ հաճախ են խոսակցություններ շրջանառվում այն մասին, թե Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկություն ունեք: Կա՞ նման նպատակ:
- Այս պահին նման նպատակ չունեմ, բայց կարող է մեկ շաբաթ հետո ունենամ: Ցանկացած մարդու մոտ նպատակները ի սկզբանե ֆիքսված չեն լինում: Դրանք իրադարձություններից, հանգամանքներից ելնելով կարող են ձևափոխվել ու վերածվել այլ նպատակների: Թե ի՞նչ տրանսֆորմացիայի կենթարկվեն նպատակներս առաջիկայում՝ չգիտեմ: Դրանք սովորական հերթական խոսակցություններ են. քիչ թե շատ հայտնի գյումրեցի, հանրային մարդ, երբ որոշակի բացակայությունից հետո վերադառնում է Գյումրի կամ երևում այս կամ այն շրջանակներում՝ սկսում են պատճառներ փնտրել ու խոսել: Վառ օրինակ է նաև Մկրտիչ Արզումանյանի օրինակը: Նրա ու Ալեն Սիմոնյանի համատեղ լուսանկարը տեսնելով՝ մարդիկ սկսեցին խոսել, թե հիմա էլ Մկրտիչն է պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետի թեկնածու, ինչն ինքը հերքեց: Ես նման խոսակցություններին նորմալ եմ վերաբերվում: Նման խոսակցություններ տարածող մարդկանց մեղադրել չի կարելի, պարապ մարդիկ են, երևի այդ կարճատև կենսագրություն ունեցող բամբասանքներն իրենց թեկուզ մեկ-երկու օրվա խոսակցությունների «դոզա» են ապահովում (ծիծաղում է, հեղ.):
- Ձեր շուրջ խոսակցությունների մեկ այլ ալիք էլ կա. երկար տարիներ աշխատելով հեռուստաոլորտում, 2012 թվականից էլ զբաղեցնելով «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը՝ մոտ մեկ տարի առաջ հեռացաք ոլորտից: Որոշումը տնօրինության հետ կոնֆլիկտի՞ արդյունք էր, թե՞ մեկ այլ պատճառ կա:
- Ես 7 տարի «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատել եմ՝ իմ մասնագիտական ունակություններն ու մարդկային որակները 100 տոկոս ներդնելով: Այդ հեռուստաընկերությունն ինչպես նախկինում, այդպես էլ հիմա շարունակում է մնալ իմ երկրորդ ընտանիքը: Չեմ ունեցել կոնֆլիկտ ոչ մեկի հետ՝ սկսած անվտանգության աշխատակիցներից, ովքեր TV եկողներին առաջինն են դիմավորում, մինչև վերին օղակներ՝ տնօրինություն և բաժնետեր: Բոլորը շարունակում են մնալ իմ շատ լավ ընկերները, հուսով եմ՝ ես էլ իրենց: Ինչ վերաբերվում է իմ դուրս գալուն. դեռևս 2016 թվականից որոշել էի հեռանալ հեռուստաոլորտից ու ստեղծել իմ գործը, իմ բիզնեսը: Այդ մասին խոսել էի և՛ տնօրինության, և՛ բաժնետիրոջ հետ: Սակայն այդ ընթացքում քիչ առաջ ասածս տրանսֆորմացիան տեղի ունեցավ. ցանկացած մեծ հիմնարկության մեջ կան մարդիկ, ովքեր, այսպես ասած, «системообразующий» մարդիկ են: Ստացվել է այնպես, որ ես որտեղ էլ աշխատել եմ՝ այդպիսի ֆունկցիա եմ կատարել: 2016 թվականից սկսած՝ տեղի էին ունենում իրադարձություններ (Ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, 2017 թվականի ընտրություններ, իշխանափոխություն) որոնք անընդհատ հետաձգում էին իմ դուրս գալը: Հասկանում էի՝ երբ երկիրը վայրիվերումների մեջ է, պետք է լրացուցիչ անհարմարություն չստեղծես, ձևավորված աշխատանքային ռիթմը չպետք է խաթարվի: Ի վերջո, երբ հեռուստատեսության բազմամյա ղեկավարներից, պատասխանատուներից մեկը դուրս է գալիս, փոխվում է՝ ռիթմը միառժամանակ խախտվում է:
Բայց այդ երեք տարիների ընթացքում անընդհատ ասել եմ՝ իմացեք, ինչ-որ մի պահի, երբ ամեն ինչ համեմատաբար հանգիստ լինի, ես դուրս եմ գալու: Ու երբ 2019-ի ամռանը իմ արձակուրդի ընթացքում առանց որևէ մեկին ասելու՝ սկսեցի Գյումրիում անհատական գործունեություն ծավալել, մեր խոսակցությունն ավելի հեշտ տեղի ունեցավ: Հավատացեք, 22 տարի հեռուստատեսությունում սցենարիստից մինչև առաջատար հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր աշխատելով, գործընկերների հետ վերջին 7 տարում հեռուստաալիքի բացարձակ առաջատարությունն ապահովելով՝ այլևս մոտիվացիա չես ունենում այդ ասպարեզում աշխատելու: Պատկերացրեք ֆուտբոլիստ, ով «Բարսելոնա»-ի կազմում 7 տարի անընդմեջ հաղթում է «Ռեալ»-ին, հաղթում է Չեմպիոնների լիգայում, ստանում է ոսկե գնդակներ... Էլ ի՞նչը նրան պետք է դրդի, որ ցանկանա ևս 7 տարի նույն գործով զբաղվել… Ես այս տարի 42 տարեկան կդառնամ, ու ինձ արդեն տեսնում եմ այլ ասպարեզներում: Ուզում եմ վերջապես ունենալ այն աշխատավայրը, որտեղ ինքս ինձ համար կաշխատեմ:
- Սեփական բիզնեսի մտահղացումը ստացվո՞ւմ է «գլուխ բերել»:
- Իհարկե, մինչև գարնան վերջ պատրաստ կլինի, բայց թե ի՞նչ է՝ հիմա չեմ ասի (ժպտում է՝ հեղ.):
- Ուզում եմ վերադառնանք Ձեր հեռուստատեսային գործունեության ակունքներին. 2000-ականների սկզբում, եթե չեմ սխալվում՝ հենց 2000 թվականին դուք և գյումրեցի դերասան Արտյոմ Կարապետյանը հեռուստադիտողին էիք ներկայանում «Ծո-ից ծո» հումորային նախագծով, որը հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում մեծ դիտարժանություն ուներ: Ինչու ընդհատվեց ձեր համագործակցությունը, ինչո՞ւ որոշեցիք հայտնվել էկրանի չերևացող մասում: Ի դեպ, Արտյոմը մի քանի տարի էր՝ Ռուսաստանում էր, բայց նախորդ տարի վերադարձել է Հայաստան: Հնարավո՞ր է օրերից մեկ օր նոր համատեղ նախագծով վերադառնաք ու կրկին կադրում լինեք:
- Ճիշտ եք, ժամանակին ինքս որոշեցի, որ կադրում այլևս չեմ լինելու, որովհետև բնավորությամբ մաքսիմալիստ եմ: Այն ասպարեզներում, որտեղ աշխատում եմ, ձգտում եմ հասնել առավելագույնին: Եթե բոլորը ինչ-որ պահի հասկանան, որ իրենց ընտրած ոլորտում չեն կարողանում լինել ամենաուժեղը ու փոխեն ոլորտը՝ հրաշալի կլինի: Այլ բան, որ իրենց ձեռք է տալիս գործն անել միջին, կամ՝ միջինից մի քիչ բարձր որակի: Չեմ մեղադրում, ուղղակի դա իմ տեսակը չի: Եթե դու հասկանում ես, որ չես կարողանալու ինչ-որ մի փուլում կադրում լինել ավելի լավը, կամ՝ գոնե հավասարը քո ընկեր Մկրտիչ Արզումանյանին, ում ես համարում եմ Հայաստանի Հանրապետության՝ իր տարիքային խմբի ամենատաղանդավոր դերասանը, ապա պետք է ընտրես այն վայրը, որտեղ կարող ես լինել ամենաուժեղը: Դրա համար էլ ես ընտրեցի պրոդյուսերությունն ու ռեժիսուրան, ինչն ինձ մոտ, կարծես, ստացվեց. ի վերջո՝ դարձա Հայաստանի ամենահաջողակ ու բարձր վարձատրվող մեդիապրոդյուսերը: Իսկ հեռուստատեսություն ես այլևս չեմ վերադառնալու, դա միանշանակ է:
- Փաստորեն, լինելով ռեժիսոր՝ չեք երազում մի օր Ձեր ֆիլմն ունենալու մասին:
- Չկա այնպիսի մի ռեժիսոր, ով չի մտածում, որ կյանքում մի օր պետք է ունենա իր պատկերացրած ու երազած ֆիլմը: Ես էլ բացառություն չեմ: Բայց երևի մի 20-25 տարի անց, քանի որ դրա մեջ ուզում եմ դնել իմ ամբողջ կենսափորձը, որը դեռևս ձեռքբերելու փուլում եմ: Չէ՞ որ դա լինելու է ընդամենը մեկ ֆիլմ:
- Կարծում եմ՝ մեր ընթերցողներից շատերին կհետաքրքրի՝ Ձեր երկու զավակներն ինչո՞վ են զբաղվում: Կպատմե՞ք նրանց մասին, հնարավո՞ր է շարունակեն Ձեր ճանապարհը:
- Դուստրս շուտով 18 տարեկան կդառնա, որդիս 16 տարեկան է, 2 տարուց զինվոր է դառնալու: Երկուսի նախասիրությունների մեջ էլ իմ մասնագիտությունից ոչինչ չկա, բայց երկուսն էլ հումորի մեծ զգացողություն ունեն՝ հատկապես որդիս: Աղջիկս կենսուրախ, հրաշալի անձնավորություն է, լավ է սովորում, այս տարի ուսանող է դառնալու:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24