24/02/2020 13:55
Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» Հայաստանի ՊՆ-ն հեքիաթ է որակում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է, թե հայկական կողմը դիվերսոն գործողությունների փորձ է ձեռնարկել։
«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար: Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։
Դեռ ավելին. Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,-Facebook-ում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք՝ երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է:
Հայաստանի հետ սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպով Ադրբեջանը կորուստներ է կրել: Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ սպանվել է սահմանապահ Իբրահիմ Վելիևը:
Ադրբեջանը հայտնել էր, որ հայկական կողմը, իբր, դիվերսիոն գործողությունների փորձ է կատարել: