24/02/2020 18:30
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Տեղեկությունը հրապարակված է Դատական տեղեկատվական համակարգում:
www.1lurer.am-ը տեղեկացնում է, որ Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան Թովմասյանը հայտարարել էր, որ եթե վարչապետը արժանահավատ փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:
Դրանից հետո վարչապետը գրիչի լուսանկար էր հրապարակել, որը Թովմասյանն էր իրեն նվիրել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, ու նշել, որ Թովմասյանն այդ օրը իրեն դիմել էր բացառապես՝ «Պարոն վարչապետ ջան» և «Պարոն Փաշինյան ջանով»:
Այս գրառումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել էր իր փաստաբաններին՝ պատրաստել հայցադիմում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24