24/02/2020 15:45
Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի («Դարեսկիզբ» ՍՊԸ), տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։
Դատավոր Աննա Փիլոսյանի՝ գործը վարույթ ընդունելու որոշման մեջ ասված է․
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը, ծանոթանալով Արթուր Վանեցյանի (ներկայացուցիչներ՝ Ա. Կիվիրյան, Լ. Սահակյան) կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,
Պարզեց՝
Արթուր Վանեցյանը 10.02.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ «Դարեսկիզբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հոդվածը հեռացնելուն և հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատճառված ոչ գույքային վնասը փոխհատուցելու պահանջների մասին որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Աջափնյակ» նստավայր է մուտքագրվել և դատավոր Ա․Փիլոսյանին հանձնվել 13.02.2020 թվականին:
Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով`
Որոշեց՝
Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ «Դարեսկիզբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հոդվածը հեռացնելուն և հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատճառված ոչ գույքային վնասը փոխհատուցելու պահանջների մասին, ընդունել վարույթ:
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ»:
Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը դիմել էին «Հայկական ժամանակ» օրաթերթին՝ պահանջելով հերքել «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» հրապարակման մեջ տեղ գտած «ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկությունները»։
Այնուհետև փաստաբանները հայտարարություն տարածեցին՝ նշելով, թե Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից հերքում պահանջելուց հետո փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը։
«Հայկական ժամանակ»-ը հունվարի 12-ին հոդված էր հրապարակել՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը համակարգվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:
Իսկ Մարիամ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Վանեցյանների հետ բավականին կարճ ժամանակում հասցրել էր ընկերանալ և «ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»:
Արթուր Վանեցյանն էլ դիմել էր լրագրողներին՝ խնդրելով չզանգել իրեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված «անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով»:
«Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի», - նշել էր Վանեցյանը։
Նա նաև դիմել է վարչապետի դստերը՝ Մարիամ Փաշինյանին. «Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»: