24/02/2020 10:51
Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի. ՊԵԿ նախագահ
Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս հավանաբար արդեն կգործուղվի, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Կազմակարպչական հարցեր կան, որոնք պետք է այս ընթացքում իրականացվեն։ Նա նախ պետք է ներկայանա ՌԴ մաքսային մարմիններ։ Ամեն դեպքում, ինչքան մեր ներկայացուցիչը շուտ գնա, այնքան լավ։ Նստավայրը լինելու է Վլադիկավկազում։ Սակայն մեզ հետաքրքրում է, որ նա նստավայր ունենա հենց տեղում՝ չնայած 30 կմ շատ մեծ բան չէ», - ասաց ՊԵԿ նախագահը։
Դավիթ Անանյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Լարսում ՀՀ ներկայացուցիչն աշխատելու է միայնակ, աշխատակազմ չի ունենալու, սակայն դիվանագիտական կարգավիճակ է ունենալու։
«Նա ի պաշտոնե հյուպատոսին և դեսպանին ներկայացնելու է պարբերական հաշվետվություններ, իրավիճակի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու է նաև ՊԵԿ նախագահին։ Քաղաքացիները բոլոր հարցերով կարող են դիմել նրան, եթե գտնում են, որ Լարսում իրենց իրավունքները խախատվում են», - ասաց ՊԵԿ նախագահը։