24/02/2020 13:45
Փաշինյանը սկսել է աստիճանաբար խմբագրել ինքն իրեն. փորձագետ
Վերջին մի քանի ելույթներում Նիկոլ Փաշինյանը սկսել է խմբագրել ինքն իրեն՝ փորձելով ձերբազատվել այն նախկին հայտարարություններից, որոնք Հայաստանի և Արցախի համար լրացուցիչ բարդություններ և խնդիրներ են ստեղծում: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Վերջին նման դեպքն Արցախում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ էր: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երբ ասում ենք, որ «Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են, սա չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները»: Իսկ նախկինում նա երկու անգամ հայտարարել էր, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումները 100 տոկոսով, բոլոր դետալներով նույնական են»,- ասել է փորձագետը՝ նշելով, որ բազմիցս փորձագետների կողմից բարձրաձայնվել է այդ հայտարարության խնդրահարույց լինելը:
«Եթե Արցախի և Հայաստանի դիրքորոշումները նույնական են, նշանակում է Արցախը լրացուցիչ ասելիք չունի բանակցային սեղանի շուրջ, հետևաբար՝ դժվար է հիմնավորել, թե ինչու է հակամարտության կարգավորման տեսանկյունից անհրաժեշտ Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին»,- հիշեցրել է նա: Կարապետյանի կարծիքով ներկայիս հայտարարությունն էլ լավագույնը չէ, շատ ավելի ցանկալի կլիներ, որ Արցախն իր սեփական, տարբերվող կարծիքը հայտներ, բայց Հայաստանի իշխանությունները որևէ կերպ դա չեն խրախուսում:
Նա նշում է, որ սա միակ դեպքը չէ, երբ վարչապետը խմբագրում է իր խնդրահարույց հայտարարությունները:
«Մոտ մի շաբաթ առաջ էլ Բեռլինում Փաշինյանը փորձեց խմբագրել «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որը նույնպես հարված էր հասցնում Արցախի սուբյեկտայնությանը: Նա նշեց, որ դա ասելով նկատի ունենք, որ Արցախի վրա հարձակումը մենք ընկալելու ենք որպես հարձակում Հայաստանի վրա, ինչն ըստ էության խնդիրները հարթելուն ուղղված քայլ էր»,- ասել է նա:
Փորձագետն առանձնացնում է նաև այն հայտարարությունը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Նախկինում վարչապետը խուսափում էր այս մասին ուղիղ տեքստով ասել, ընտրում էր խուսափողական ձևակերպումներ, կամ խնդրին անդրադառնալուց փորձում էր պատճառների վրա շեշտը դնել: Այսօր այս հայտարարությունն առավել քան էական է, քանի որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը չի խոսում կարգավորման համատեքստում Արցախի կարգավիճակի հարցի մասին և դա վտանգավոր ու մտահոգիչ է: Այս համատեքստում հայտարարությունը կարևոր է, բայց դրա վրա պետք է ավելի մեծ շեշտ դրվի»,- ասել է Կարապետյանը:
Փորձագետը, սակայն, առավել կգերադասեր, որ իսկզբանե չարվեին խնդրահարույց հայտարարություններ: «Անկախ թերհավատությունից, բանակցային գործընթացում յուրաքանչյուր բառ շատ մեծ նշանակություն ունի և կարող է լուրջ հետևանքներ ունենալ, երկրի ղեկավարը դա պետք է գիտակցի: Ներքաղաքական կամ այլ նպատակահարմարությունը չպետք է դրդի այնպիսի քայլերի, որոնք մեզ համար խնդիրներ ստեղծեն, և հետո ստիպված լինենք ինքներս մեզ խմբագրել: Դա ոչ միայն լուրջ չէ, այլև կարող է վտանգավոր լինել»,- եզրափակել է նա: