25/02/2020 14:59
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրգործը կարճելու մասին միջնորդության որոշումը կհրապարակվի մարտի 3-ին
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել դադարեցնելու քրեական հետապնդումը և կարճել քրեական գործը։
Միջնորդության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ 300.1 հոդվածը փաստաբանների խոսքով անթույլատրելի է, քանի որ այն 2008 թվականին չի եղել և ներդրվել է ենթադրյալ արարքից (սահմանադրական կարգը տապալել, հեղ.) մեկ տարի անց և չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հետապնդվել այդ հոդվածով:
Քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություններ էին ներկայացրել նաև գործով մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ միջնորդությունների վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին: