25/02/2020 15:53
Տիկին Աննա Դանիբեկյանը պիտի հաշվի առնի, որ նաև իրեն կարող են հետապնդել. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը դժվարանում է ասել, թե արդյոք դատավոր Աննա Դանիբեկյանը կբավարարի նախկին վարչապետների կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին երաշխավորությունը, եթե փաստաբանական թիմը նման միջնորդություն ներկայացնի:
Լևոն Քոչարյանը չբացառեց, որ Դանիբեկյանը կարող է աչքի առաջ ունենալ նախկին դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակը, ում լիազորությունները կասեցվել էին Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդություններն ընդունելուց հետո:
«Հիմա տիկին Աննա Դանիբեկյանը պիտի հաշվի առնի, որ նաև իրեն կարող են հետապնդել: Վստահ եմ, որ այն, ինչ արվել է Դավիթ Գրիգորյանի հանդեպ, արվել է նրա համար, որ հետագա դատավորներն իրենց աչքի առաջ ունենան այդ օրինակն ու վախենան», - լրագրողներին ասաց Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել դադարեցնելու Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործը, որի մասով դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 3-ին:
Ավելի վաղ փաստաբանական թիմը հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկա նիստերից մեկի ժամանակ ներկայացնել նախկին վարչապետների միջնորդությունը։ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին: