25/02/2020 13:16
Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ
Փետրվարի 24-ի դրությամբ, ըստ Իրանի առողջապահության նախարարության տվյալների, այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 61 դեպք՝ 14 մահվան ելքով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը։
«Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության՝ դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ», - ասաց Արսեն Ավագյանը։
Հարցին՝ եթե Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները ցանկություն հայտնեն վերադառնալ Հայաստան, ի՞նչ քայլեր կձեռնարկվեն, կամ եղե՞լ են քաղաքացիներ, ովքեր դիմել են դեսպանատուն հայրենիք վերադառնալու պահանջով, ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետը պատասխանեց.
«Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև՝ երկքաղաքացիներ: Փետրվարի 26-ին նախատեսվում է չվերթ՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»։
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ կառավարությունը երեկ որոշեց երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
Ավելի վաղ «Armenia Airways» ավիաընկերությունը հայտարարել էր, որ այս շաբաթ, մինչև փետրվարի վերջ, Հայաստանից Իրան երկու չվերթ կիրականացնի՝ չորեքշաբթի, փետրվարի 26-ին, և ուրբաթ, փետրվարի 28-ին:
Ավիաընկերությունը տեղեկացրել էր, որ այդ երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիները և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիները: