25/02/2020 10:35
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:
«Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով», - Aysor.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:
137-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Փետրվարի 11-ին Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում:
«Ես այդ մասին գրառում եմ արել, որևէ իրավապահ մարմին չի կապվել՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, զրո արձագանք իրավապահ մարմիններից: Այսինքն, նորմալ է, որովհետև ատելության գեներացիան իշխանություններից է եղել, ինչու իշխանությունը պիտի աձագանքի դրան: Ես հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին», - հայտարարել էր Մարուքյանը։