25/02/2020 13:22
Չինաստանի սահմաններից դուրս մոտ 2.5 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով
Աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը երեքշաբթիի դրությամբ հասել է 2,438 հազարի՝ մեկ օրում ավելանալով հիվանդության 234 հայտնաբերված դեպքով: Այդ մասին հայտնել է «South China Morning Post» հոնկոնգյան թերթը:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում 26-ից հասել է 37-ի. տասներկու մարդ մահացել է Իրանում, ինը՝ Հարավային Կորեայում, յոթը՝ Իտալիայում, չորսը՝ Ճապոնիայում, երկուսը՝ Հոնկոնգում, մահվան ելքով մեկական դեպք է գրանցվել Ֆրանսիայում, Տայվանում և Ֆիլիպիններում: Ամենից շատ հիվանդներ՝ 893 մարդ, հայտնաբերվել են Հարավային Կորեայում, Ճապոնիայի տարածքում՝ 838 մարդ, որոնցից 630-ը բաժին է ընկնում «Diamond Princess»-ի ուղևորներին ու անձնակազմի անդամներին, որը կարանտինի մեջ է Յոկոհամայում:
Իտալիայում գրանցված է 229 հիվանդ, Սինգապուրում՝ 90, Հոնկոնգում՝ 81, Իրանում՝ 47, Թաիլանդում և ԱՄՆ-ում՝ 35-ական, Տայվանում՝ 28, Ավստրալիայում՝ 23, Մալայզիայում՝ 22, Գերմանիայում և Վիետնամում՝ 16-ական, Արաբական Միացյալ Էմիրություններում և Մեծ Բրիտանիայում՝ 13-ական, Ֆրանսիայում՝ 12, Մակաոյում և Կանադայում՝ 10-ական:
Հիվանդության տասից պակաս դեպքեր են գրանցվել Ֆիլիպիններում և Հնդկաստանում, Քուվեյթում, Իսպանիայում, Օմանում, Ռուսաստանում, Աֆղանստանում, Բահրեյնում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Իսրայելում, Լիբանանում, Նեպալում, Շրի-Լանկայում, Շվեդիայում: