26/02/2020 12:32
Ակնկալում եմ, որ ԵՄ անդամ 5 պետությունները հաշված ամիսների ընթացքում կվավերացնեն համաձայնագիրը. Արման Եղոյան
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հույս հայտնեց, որ ԵՄ անդամ 5 պետությունները մոտ ապագայում կվավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որից հետո այն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ:
«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն այս պահի դրությամբ ԵՄ անդամ 23 պետություններ են վավերացրել: Մյուս 5 պետությունների վավերացումից հետո, որն ակնկալում եմ կլինի հաշված ամիսների ընթացքում, համաձյանագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի և կփոխարինի սրանից ավելի քան 20 տարի առաջ կնքած նախորդ համաձայնագրին», - ասաց Եղոյանը:
Ամփոփելով անցնող երկու տարվա տվյալները՝ նա նշեց, որ եվրոպական երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը քչացել է:
«2018 թվականին հեղափոխությունից հետո ԵՄ անդամ բոլոր երկրներում առաջին անգամ ապաստան հայցողների թիվը կրճատվել է 30 տոկոսով, 2017թ.-ին բոլոր անդամ երկրներում ՀՀ 6800 քաղաքացի է ապաստան հայցել, 2018թ.-ին՝ 4800: Անցած տարվա 11 ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2019թ.-ի տվյալները չեն անցնի 3400-ը: Այսինքն՝ երկու տարի անընդմեջ 30 տոկսով նվազել է ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը», - ասաց Եղոյանը: