26/02/2020 14:04
Երևանից մասնագետ է մեկնել Թեհրան՝ Հայաստան վերադարձողների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար
Մեղրիի անցակետով Իրանից Հայաստան եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան:
Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն:
Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանը», - նշել է նա: