26/02/2020 12:20
Հուսով եմ՝ 2020թ.-ի ԵՄ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր. Մհեր Գրիգորյան
ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման մասին է վկայում երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ծավալների ավելացումը, խորհրդարանում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը:
Նա նկատեց՝ 2019 թվականին գործողությունների ծրագրով նախատեսվող աջակցության չափը նախորդ տարիների համեմատ ավելացել է՝ կազմելով 65 մլն եվրո: Գրիգորյանը հույս հայտնեց, որ այս տարի աջակցության ծավալը կավելանա:
«2020 թվականի աջակցության ուղղություններն արդեն իսկ նախատեսվել և հստակեցվել են, հուսով եմ՝ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր», - ասաց Գրիգորյանը:
Նա նկատեց՝ 2020 թվականի ծրագրով աջակցություն է նախատեսված արդարադատության և ոստիկանության ոլորտների ռազմավարական բարեփոխումների ուղղությունների համար, որոնք ընդգրկված են կառավարության գերակայությունների ցանկում:
«Համաձայանգիրը մեզ համար հանդիսանում է բարեփոխումների օրակարգ, և դրա կիրարկումը կառավարության առաջանահերթություններից է», - ավելացրեց փոխվարչապետը: