26/02/2020 15:34
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը ինքաբացարկ չհայտնեց։
«Դատարանը որոշեց բացարկը մերժել», - ասաց դատավոր Վահե Միսակյանը։
Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին։
Դատախազին երեկվա դատական նիստում ինքնաբացարկի միջնորդութուն էր ներկայացրել Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։
«Կոչ եմ անում ապօրինի մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին ցուցաբերել քաղաքացիական արիություն և հայտնել ինքնաբացարկ, չհայտնելու դեպքում բացարկ եմ հայտնում Արսեն Մարտիրոսյանին», - ասել էր Ռուբեն Հակոբյանը։
Սերժ Սարգսյանը, նշենք, միացել էր պաշտպանի միջնորդությանը։
Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։