26/02/2020 15:49
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրյալ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Այսօրվա դատական նիստից հետո լրագրողները հետաքրրվեցին՝ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, նա պատասխանեց. «Ոչ»։
Հարցին՝ ինքը ցուցմունք տվե՞լ է, առերեսվե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Սերգո Կարապետյանը խորհուրդ տվեց հետևել դատական գործընթացին։
«Ինչ-որ պետք էր, ասել եմ: Հետևեք դատական գործընթացին: Դատական գործընթացը ցույց կտա», - ասաց նա։
Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար`
Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 26-ին։