26/02/2020 19:30
«Золото». Միշա Գալուստյանը «Супер Жорик»-ի կերպարով նոր տեսահոլովակ կներկայացնի. մանրամասնում է Սոֆյա Ղուլյանը
Հեռուստատեսային ամենահայտնի կերպարներից մեկը՝ «Супер Жорик»-ը, ում մարմնավորում է հայազգի Միշա Գալուստյանը, շուտով կներկայացնի իր նոր՝ երկրորդ տեսահոլովակը, որը կոչվում է «Золото»:
Տեսահոլավակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, պրոդյուսերը՝ Գարիկ Մարտիրոսյանը, գործադիր պրոդյուսերը՝ Սոֆյա Ղուլյանը:
««Супер Жорик» նախագծի շրջանակներում աշխատելու համագործակցությունը ստացել եմ Գարիկ Մարտիրոսյանի կողմից: Ինչպես արդեն հասկանալի դարձավ մեր առաջին՝ «Хочу тибя любицца» երգից և տեսահոլովակից, «Супер Жорик»-ը ռուսական հայտնի Наша Раша ծրագրի Жорик Вартанов-ն է, ով տարիների ընթացքում հարստացել է և սկսել է երգել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Սոֆյա Ղուլյանը:
Նա նաև մանրամասներ ներկայացրեց Միշա Գալուստյանի նոր երգից և տեսահոլովակից՝ ընդգծելով, որ այն շատ աշխույժ, պարային երգ և տեսահոլովակ է:
««Золото» տեսահոլովակի նկարահանմանը պատրաստվել ենք մոտ մեկ ամիս: Մեծ աշխատանք ենք կատարել, ցանկացած մանրուք մտածված և մշակված է: Միշա Գալուստյանը բավական պրոֆեսիոնալ է իր գործում, տաղանդավոր դերասան է, հետևաբար՝ նրա հետ կապված յուրաքանչյուր բան պետք է բարձր մակարդակի վրա լիներ: Ինձ համար շատ հաճելի, միևնույն ժամանակ՝ բավական պատասխանատու է նրա և մյուսների՝ Գարիկ Մարտիրոսյանի և Գրիշա Գասպարյանի հետ աշխատելը», - խոստովանեց Սոֆյան:
Անդրադառնալով տեսահոլովակին՝ պրոդյուսերը պատմեց.
«Տեսահոլովակում նկարահանվել է հայտնի ռուս դերասաններից մեկը, ով ևս փայլեց իր հումորով և տաղանդով: Ինչպես նաև, որպես տեսահոլովակի գլխավոր հերոսուհիներ հանդես են եկել արտասովոր արտաքինով աղջիկներ, իսկ թե ովքեր են նրանք, դեռ չեմ բացահայտի: Մի խոսքով՝ տեսահոլովակը դիտելիս հեռուստադիտողին սպասվում են հաճելի էմոցիաներ, դերասանական հիանալի խաղ և, ամենագլխավորը, հումոր: Կցանկանամ անպայման շեշտել, որ «Супер Жорик»-ի տեսահոլովակներին հենց հումորով էլ պետք է վերաբերվել, պետք չէ դրանցում լուրջ ենթատեքստ փնտրել»:
Սոֆյա Ղուլյանի խոսքով՝ Միշա Գալուստյանի «Супер Жорик» նախագիծը հայտնի և հաջողված է ոչ միայն Կովկասում, այլ նաև՝ Ռուսաստանում:
«Միշայի տաղանդի շնորհիվ այս նախագիծը մեծ հաջողություն ունի նաև այստեղ՝ Ռուսաստանում: Դրա վկայությունը, թերևս, առաջին տեսահոլովակի արդյունքներն են. ավելի քան 36 միլիոն դիտում՝ շատ կարճ ժամանակահատվածում: Արդեն իսկ նախատեսվում են համերգային ծրագրեր Մոսկվայի ամենահաջողված բեմերում՝ ռուսական շոու բիզնեսի հայտնի արտիստների հետ», - մեզ հետ զրույցը եզրափակեց նա: