26/02/2020 14:41
Ես թույլ չեմ տա, որ որևիցե մեկն իմ տղային թունավորի, ես այդ չափի վախ ունեմ. Լևոն Ջուլֆալակյան (Տեսանյութ)
Չկա այլ տարբերակ մարզվելու, քան հավաքականի կազմում, դա է միակ ճիշտ տարբերակը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը։
«Ես նշել եմ, որ մեծ հաճույքով, մեծ սիրով կմասնակցեի բոլոր հավաքներին հավաքականի կազմում, բայց, հաշվի առնելով իմ հարաբերությունները որոշ մարզիկների հետ, խոսքը վերաբերում է ընդամենը երեք-չորս հոգու, մյուսների հետ ես ոչ մի խնդիր չունեմ», - ասաց նա՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։
Ջուլֆալակյանը կոչ արեց իր ընկերներին չմասնակցել «մի քանի հոգու կողմից կազմակերպված արկածախնդրությանը»։
«Կրկնում եմ՝ նրանք իմ ընկերներն են, թիմի մեծամասնության հետ ոչ մի խնդիր չունեմ։ Որոշ մարզիկների հետ ֆիզիկական իմ ներկայությունը անհամատեղելի է, ու ես վտանգներ եմ տեսնում, վտանգ եմ տեսնում՝ վնասվածքի, սննդի անվտանգության, վտանգ եմ տեսնում վիտամինների անվտանգության ու ուղղակի, հոգեբանական վիճակի։ Նման պայմաններում ուղղակի գնալ ու վնասել ինքնս ինձ, վնասել երկրի սպորտային հաջողությանը, ուղղակի թույլ չեմ կարող տալ, ինքս և հայրս։ Ես ստիպված եմ բացակայում հավաքներից», - ասաց նա։
Ջուլֆալակյանի խոսքով՝ ինքն ունի զույգի խնդիր ու եղբայրն է սկսել մարզվել, որ լինի իր զույգը։
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն էլ ասաց, թե այն մարզիկները, ովքեր պատկերացնում են իրենց ամենագետ, ժամանակը ցույց կտա այդ մարզիկների ճանապարհը։
«Այն մարդիկ, ովքեր անշնորհակալ են, Աստված կպատժի հաստատ։ Մի քանի հոգի, ովքեր շեղվել են, իրենց խնդիրն է, ինձ համար կան որպես մարզիկներ, բայց որպես մարդ վերացել են», - ասաց Լևոն Ջուլֆալակյանը։
Հավաքականի նախկին գլխավոր մարզիչն ասաց, թե ինքը միշտ դեմ է եղել, որ մարզիկը հավաքականի հետ չմարզվի։
«Բայց, ցավոք, ներկա իրականությունում ես թույլ չեմ տա, որ որևիցե մեկը իմ տղային թունավորի, ես այդ չափի վախ ունեմ», - ասաց Լևոն Ջուլֆալակյանը։
Aysor.am-ի հարցին՝ մտավախություն չկա՞, որ թունավորելու մասին հայտարարությունը կարող է հանցագործության մասին հաղորդում ընկալվել, Արսեն Ջուլֆալակյանն ասաց, թե բոլոր քայլերը կձեռնարկի, որ բանը չհասնի դրան։
«Սա մեղադրանք չէր, ես ոչ մեկին չմեղադրեցի։ Ես ասացի, որ նման մտավախություն կա», - ասաց Արսեն Ջուլֆալակյանը։