27/02/2020 19:12
Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար»-ը
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Քաջ Նազարը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:
Ներկայացումը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
«Քաջ Նազարը» նախատեսված է մեծահասակ հանդիսատեսի համար։
Թումանյանի հերոսը քաջ չէ՝ գլուխգովան է, բայց սրտոտ է: Խորթ չեն նրան ազարտն ու ինքնահեգնանքը: Իսկ ի՞նչն է պակաս, որ նման մարդը թագավոր դառնա՝ հատկապես, եթե այդպես է ուզում ժողովուրդը: Մի քիչ ստեղծագործական մոտեցում և անսահման հաջողություն:
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները: Նկարչական ձևավորումը՝ Անդրեյ Զապորոժսկու (Սանկտ Պետերբուրգ), խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի:
Առաջնախաղերը կկայանան փետրվարի 28-ին և 29-ին: