27/02/2020 19:05
Քաղաքապետարանի կողմից տրամադրվող թատրոնների շուրջ 6 հազար հրավիրատոմսերը սպառվել են ժամերի ընթացքում
Մարտի 8-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի մշակութային նախաձեռնությունը շատերի համար անիրականանալի մնաց: «Ոչ մի տեղ տոմս չկա»` բողոքում են Aysor.am զանգահարած քաղաքացիներն ու անվստահություն հայտնում բարեգործական ակցիայի արժանահավատությանը:
Մեր զանգերի արդյունքում ևս հաստատվեց՝ մայրաքաղաքի մշակութային օջախների շուրջ 6 հազար հրավիրատոմսերը սպառվել են, այնինչ ընդամենը երեկ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարեց` փետրվարի 27-ից սկսած՝ երևանյան բոլոր թատրոնների տոմսարկղերում, Մոսկվա կինոթատրոնում, համերգասրահում կլինեն մարտի 8-յան հրավիրատոմսեր, ու երևանցիներն իրենց ճաշակին հարմար ներկայացում, համերգ և կինո կընտրեն ու կգնան դիտելու:
Սունդուկյան, Պարոնյան, Մհեր Մկրտչյան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոններում հրավիրատոմսերը սպառվել էին ժամերի ընթացքում, նույն վիճկագրությունն էր նաև Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական և Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոններում: Պետական կամերային երաժշտական թատրոնում արդեն հաշվարկ էին անում՝ հասկանալու՝ հրավիրատոմսի համար գրանցվողներից քանի՞սն են մոտեցել, քանիսը՝ դեռ ոչ: Ի դեպ, Կամերային երաժշտական թատրոնից մեզ վստահեցրեցին՝ իրենք անուն, ազգանուն, հեռախոսահամարով գրանցել են բոլոր նրանց, ովքեր հրավիրատոմս են վերցրել, նույնիսկ մի մասին լուսանկարել են:
Էլվինա Մակարյանի երգերի սիրահարները նույնպես առիթը շուտ էին օգտագործել՝ Հայաստանի երգի պետական թատրոնը ևս հրավիրատոմսեր չուներ:
Առավել պասիվ են կինոսերները. «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվող «Անհայտ բաժանորդ»-ի հրավիրատոմսերի մի մասը մեր զանգի պահին դեռևս սպասում էր իր հանդիսատեսին: Շատ հավանական է, որ պատճառը ոչ թե ֆիլմով հետաքրքրված չլինելն էր, այլ այն արդեն իսկ դիտած լինելը:
Aysor.am-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի հետ: Հարցին՝ հնարավոր է արդյոք, որ 6 հազար տոմսը սպառվի ընդամենը 3-4 ժամի ընթացքում, հատկապես, որ մյուս օրերին թատրոնների ու համերգասրահների տոմսերի ամբողջական վաճառքին օրեր, երբեմն՝ շաբաթներ են հատկացնում, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը պատասխանեց.
«Միանշանակ, հնարավոր է: Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բոլոր՝ 17 մշակութային հաստատությունների տոմսեր է ձեռք բերել: Այդ տոմսերի շուրջ 70 տոկոսը հրավիրատոմսի տեսքով վերադարձվել են տոմսարկղեր՝ բաժանելու քաղաքացիներին, մնացած 30 տոկոսը բաժանել ենք Երևանի Երաժշտական արվեստի դպրոցներին, մանկապարտեզներին, հանրակրթական դպրոցների, վարչական շրջանների աշխատակազմերին: Հասկանում ենք, որ ցանկացողները շատ են, բայց դահլիճներում հստակ թվով մարդիկ են տեղավորվում, ոչինչ չէինք կարող անել, նստատեղ չկա»:
Նկատառումը՝ գուցե Քաղաքապետարանը նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գա նաև ապրիլի 7-ին՝ մեր զրուցակիցը չհերքեց: Միայն ընդգծեց՝ դեռևս այդպիսի քննարկում չի եղել, եթե քննարկեն ու նման որոշում կայացնեն՝ նախապես կհայտարարեն: