28/02/2020 13:09
Ողջ պատասխանատվությունը առողջապահության նախարարության վրա. «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի 75 աշխատակիցները ազատման կոլեկտիվ դիմում են գրել
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցները աշխատանքից ազատման դիմում են ներկայացնում, ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը թողնելով առողջապահության նախարարության վրա, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։
«Այս պահին հայտարարության տակ ստորագրել են 75 աշխատակից։ Կոլեկտիվը 107 հոգի էր, ինձ ասացին, որ այստեղ հասնելու պահին դեռ 75-ն է ստորագրել։ Աշխատակիցները համամիտ չեն «Նորք» ինֆեկցիոնին միավորվելու դեպքում կրելու այն ռիսկերը, որոնց մասին մենք մի տարուց ավելի է բարձրաձայնում ենք, բայց որևէ մեկը բանի տեղ չի դնում։ Համամիտ չենք, որ պետք է ենթարկվենք ճնշումների, ինչն անթույլատրելի է մեր համար։ Բժշկի արժանապատվությունը մեզ համար ավելի վեր է», - ասաց Արշակ Պապոյանը։
Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն էլ ասաց, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի իրենց գործընկերները մեկ տարի է առաջարկում են մասնագիտական քննարկում։
«Առաջարկում են նախարարության առաջարկած որոշումները քննարկել իրենց։ Որևէ ապօրինի բան չեն առաջարկում։ Մարդիկ վստահ են, որ իրենց մասնագիտական փորձը այնքան է թույլ տալիս, որ իրենք կարող են հստակ փաստարկներ բերել, որ նախարարի որդեգրած քաղաքականությունն իրատեսական չի և ռիսկեր է պարունակում։ Սրան է պատասխան առողջապահության նախարարությունը չի համաձայնում քննարկում իրականացնել։ Քննարկում իրականացվում է նեղ խմբերի հետ՝ անտեսելով մասնագետներին։ Եկեք հասկանանք, թե որքան պետք է բժիշկների խոսքն արհամարհեն, որպեսզի նրանք գնան կառավարության դեմ ցույցի», - հայտարարեց Գևորգ Գրիգորյանը։
Նա ասաց, թե առողջապահության նախարարության աշխատաոճը խիստ փակ է, և միանձնյա որոշումների մեջ է։