28/02/2020 10:46
Վրաստանի հետ սահմանի փակման հարց դեռ չի քննարկվում. Արմեն Գրիգորյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվում, որը կապի մեջ է հարևան երկրի առողջապահության համակարգի պատասխանատու կառույցների հետ, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման վտանգներին։
«Բոլոր գերատեսչությունները օնլայն ռեժիմով կապի մեջ են և Հայաստանի ներսում, և Հայաստանից դուրս, և վտանգի դեպքում համապատասխան որոշում կկայացվի», - ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե հնարավոր է, որ Վրաստանի հետ սահմանը մասնակի փակվի՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարևան երկրում ևս արդեն կորոնավֆիրուսի դեպք է հայտնաբերվել, ԱԽ քարտուղարը պատասխանեց.
«Այս պահին նման հարց դեռ չի քննարկվում։ Վրաստանում իրավիճակի մասին կապի մեջ են համապատասխան գերատեսչությունները, բոլոր հարցերը քննարկում են, բոլոր տարբերակները սեղանին կան, և լուծումներն էլ իրավիճակին համապատասխան կլինի»։