28/02/2020 10:43
Ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելը համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականն է, իսկ նոր բլոկի կառուցումը՝ կառավարության նպատակը. Նունե Ալեքսանյան
Կառավարությունը նախատեսում է երկարացնել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի աշխատանքները մինչև 2036 թվականը, «Հայաստանում ատոմային բնագավառի զագացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանն ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի ԺՊ Նունե Ալեքսանյանը:
«2026-ից հետո, եթե ատոմակայանի անվտանգ շահագործումը ուսումնասիրությունների արդյունքում հաստատվի, կառավարությունը նախատեսում է ևս տասը տարով երկարացնել շահագործումը՝ մինչև 2036 թվականը», - ասաց նա:
Ալեքսանյանն ընդգծեց, որ ատոմակայանի շահագործումը երկարաձգելը կառավարության առաջնահերթություններից է, մինչդեռ կառավարությոան նպատակներից է նոր բլոկի կառուցումը:
«Գործող ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավորինս երկարաձգելու տարբերակը համարվում է համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականը, իսկ նոր բլոկի կառուցումը կառավարության նպատակներից է: Նկատի ունենալով հանգամանքը, որ ՀՀ-ն չունի բնական գազի և նավթի պաշարներ, ինչպես նաև միջուկային վառելիքի կայուն գները միջազգային շուկայում՝ էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակը պահելու և ամրապնդելու համար նոր կայան ունենալը համարում ենք անհրաժեշտություն», - ասաց նա՝ ընդգծելով, որ նոր կայանը հնարավորություն կտա պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով հուսալի և անվտանգ էներգամատակարարում իրականացնել:
«Կցանկանայի ընդգծել, որ կառավարությունը հավատարիմ է մնալու ՀՀ էներգահամակարգում ատոմակայան ունենալու իր քաղաքականությանը», - եզրափակեց խոսքը նա: