28/02/2020 17:01
Զոհրաբ Մնացականյանը վրացական կողմին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ սկզբունքային դիրքորոշումը
Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են պատմական բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը՝ վերահաստատելով երկկողմ պատրատասկամությունը՝ քայլեր ձեռնարկելու հայ-վրացական համապարփակ օրակարգի ընդլայնման և հարստացման ուղղությամբ:
ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր մակարդակներում առկա է երկխոսության և համագործակցության հագեցած օրակարգ, որը պայմանավորված է նաև երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածությամբ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը վրացական կողմին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվել է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: