28/02/2020 14:42
ՌԴ ՊՆ-ն պատմել է Իդլիբում թուրք զինվորականների մասնակցությամբ միջադեպի մասին
Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք է այնտեղ գտնվեին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են ձեռնարկել Բեհուն բնակավայրի շրջանում: Սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել, որին ենթարկվել են նաև «ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում գտնվող» թուրք զինծառայողները:
Մինչդեռ, թուրքական կողմի տվյալների համաձայն, այդ շրջանում թուրքական բանակի ոչ մի ստորաբաժանում չկար և չպետք է լիներ, ընդգծել են պաշտպանության նախարարությունից: Տուժած թուրք զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ռուսական կողմը միջոցներ է ձեռնարկել կրակը դադարեցնելու համար և ապահովել է զոհվածների ու վիրավորվածների տարհանումը Թուրքիայի տարածք:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Բեհուն բնակավայրի շրջանում չի կիրառվել», - ավելացրել են ռազմական գերատեսչությունից: