29/02/2020 12:37
«Մարտի 1»-ի գործ որպես էդպիսին գոյություն չունի. Արամ Օրբելյան (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Մարտի 1-ի գործը չէ, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:
««Մարտի 1»-ի գործ որպես էդպիսին գոյություն չունի, կա մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չեն տալիս», - ասաց Օրբելյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ դատական նիստերի և լրատվամիջոցներով ընթացող տարբեր քննարկումների ժամանակ փորձ է արվում խեղաթյուրել փաստերը՝ փոխարինելով մեկը մյուսով: Մասնավորապես, Օրբելյաննը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական կարգը տապալելու համար, և այդ գործը չի կապվում մարտի 1-ի զոհերի կամ վիրավորների հետ, որի հետ հաճախ փորձ է արվում կապել Քոչարյանի գործը:
«Պարոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ընթերցելուց տեսնում ենք երկու գործողություն՝ փետրվարի 23-ին բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպումներ ու մարտի 1-ի արտակարգ դրության հրամանագիր, որի մասին չէ մարտի 1-ի գործը», - ասաց նա:
Խոսելով Քոչարյանին 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքի մասին (Սահմանադրական կարգի տապալում)՝ Օրբելյանն ասաց, որ վերջինս ուժի մեջ է մտել 2009 թվականին՝ մարտի 1-ի գործողություններից գրեթե մեկ տարի անց: