29/02/2020 10:00
«Հրապարակ». Մարտի 1-ի դեպքերից նոր տեսանյութեր կան, որոնցում երևում է, թե ինչպես են ցուցարարները մարտական զենքով կրակում
«Հրապարակ» թերթը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբն այսօր «Էրեբունի պլազայում» կազմակերպել է «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսը, որի ընթացքում կներկայացվեն նյութեր, որոնք մինչ այժմ չեն ներկայացվել։ Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու են և զեկույցներով են հանդես գալու փաստաբաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Սարգիս Գրիգորյանը։ Կլինեն նաև այլ բանախոսներ, որոնք կխոսեն քաղաքական թեմաներով։
Արամ Օրբելյանն ասաց, որ իր տեղեկությամբ՝ Մարտի 1-ի իրադարձություններից նոր տեսանյութեր կան, որոնց մի մասը համացանցում արդեն ցուցադրվել է, այնտեղ երևում է, թե ինչպես են ցուցարարները մարտական զենքով կրակում, դրանք այսօր կցուցադրվեն։
«Բացի դրանից, քննարկելու են «Վիքիլիքսի» նյութերը և դրանց ազդեցությունն էդ պրոցեսի վրա, փաստաբաններն էլ ներկայացնելու են հարցեր, այդ թվում՝ զորքի օգտագործման օրինականության, ՀՀ Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածները, անձեռնմխելիության հետ կապված օրենքները, թե ինչու պետք է գործը կարճվի և այլն», - ասել է նա։ Մասնագետները ներկայացնելու են նաև Մարտի 1-ի գործում փաստերի խեղաթյուրման հետ կապված հարցերը: