01/03/2020 12:34
Կանխում եմ վարկածը, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձը հնարավոր է բազմաթիվ անձանց վարակած լինի. Նախարար
Հայաստանում կորոնավիրոսով վարակված առաջին քաղաքացուն այս պահին որևէ դեղորայք չենք տալիս, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։
«Նրա մոտ նույնիսկ ջերմություն չկա, շատ լավ է, որ բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող պացիենտ ենք ունեցել, որը գանգատների դեպքում դիմել է բժշկի, ինչը մենք խորհուրդ ենք տալիս», - ասաց նա։
Aysor.am-ի մեկ այլ հարցի, թե ինչու բոլորը չեն թեստավորվել, Թորոսյանն ասաց, թե թեստը արագ ու սկրինինգային թեստեր չեն։
«Դրանցով հնարավոր չէ հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիներ հետազոտել, ավելին, այդ թեստերը կարող են լինել բացասական վարակվածության սկզբնական շրջանում», - ասաց նա։
Նախարարը նշեց, թե կանխում է այն վարկածը, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձը հնարավոր է բազմաթիվ անձանց վարակած լինի։
«Մենք, գտնելով այդ նեղ շրջանակը, պրակտիկորեն մեկուսացրել ենք դրա տարածումը, որովհետև, եթե նույնիսկ այդ 32-ը վարակվել էր, նրանք հասցրած չէին լինի վարակել այլ անձանց», - ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ այս պահին Իտալիայից չվերթ չեղարկելու կարիք չկա:
«Սակայն որոշումների կայացման պրոցեսը ամենօրյա է, հնարավոր է, որ վաղը կայացվի մեկ այլ որոշում, ոչ միյան Իտալիայի հետ կապված, դա վերաբերում է նաև ներհայաստանյան որոշումներին», - ասաց առողջապահության նախարարը։