02/03/2020 14:30
Պետք է լուրջ պատրաստվել, բայց պետք չէ հավելյալ խուճապային տրամադություններ ստեղծել. Նարեկ Զեյնալյանը՝ կորոնավիրուսի մասին
Դեղատներում դիմակ չկա որոշակի խուճապի պատճառով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
«Այս իրավիճակին, իհարկե, բավականին լուրջ է պետք վերաբերվել, բայց առաջացած խուճապը շատ ավելի լուրջ է ու ավելի լուրջ հետևանքներ կարող է ունենալ, քան կշռադատված ու հստակ տվյալների վրա հիմնված որոշումները», - ասաց Զեյնալյանը:
Նա նկատեց՝ կորոնավիրուսի հետ կապված վիճակը վերահսկելի է, միևնույն ժամանակ նշելով, որ պետք չէ թերագնահատել վիրուսը.
«Պետք է լուրջ պատրաստվել, բայց պետք չէ նաև հավելյալ խուճապային տրամադություններ ստեղծել», - ասաց նա:
Հարցին՝ կա՞ սահմանադրական հանրաքվեի քարոզչության միջոցառումների հետաձգման անհրաժեշտություն՝ Զեյնալյանը պատասխանեց.
«Կապված է իրավիճակի փոփոխությունից, եթե ամեն ինչ լինի զսպելի և այլ դեպքեր չլինեն: Այս մեկ շաբաթվա ընթացքում եղած իրավիճակը ցույց կտա»: