02/03/2020 12:42
Եթե Հայաստանը դիմակների նոր խմբաքանակները կարողանա ձեռք բերել, կլինի թանկ. ՏՄՊՊՀ նախագահ
Հայաստանից որոշ ժամանակ առաջ տեղի է ունեցել դիմակների արտահանում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Ընդ որում, արտահանումը տեղի է ունցել ոչ խոշոր վաճառողների կողմից, խոշոր դեղատնային ցանցերը դիմակ չեն արտահանել», - ասաց նա։
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ որևէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գին չի բարձրացել։
«Այս պահին կան ցանցեր, որ դիմակ գոյություն չունի, բայց գին չի բարձրացվել, փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում, նույնիսկ մեզ ուղարկում են, որ List.am-ում են դիմակ վաճառում, բայց դրանք մեր հսկողության տակ չեն գտնվում», - ասաց նա։
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ փորձում են դիմակների նոր խմբաքանակ բերել Հայաստան, սակայն հայտարարվել է, որ դիմակների դեֆիցիտ կա։
«Դրսի մեր գործընկերները հայտարարել են, որ դիմակների գները բարձրացել են, այսինքն, եթե նոր խմբաքանակներ կարողանան ձեռք բերել, կլինի թանկ», - ասաց նա։
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորած դիմակներ։
«Խոշորների մոտ ևս կան որոշակի քանակի պահեստավորած դիմակներ», - ասաց նա։
Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ ախտահանիչ նյութերի քանակի խնդիրն առաջացել է մեկ-երկու օրվա ընթացքում, որովհետև կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի մասին իմանալուց հետո քաղաքացիները մեծ քանակությամբ սկսել են գնել ախտահանիչ նյութեր։
«Բայց իրավիճակն այսօր այլ է, դեղատներում կան ախտահանիչ նյութեր», - ասաց Գ. Գևորգյանը։