02/03/2020 15:47
Վարդան Հարությունյանը նշանակվել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահի տեղակալի խորհրդական, զբաղվելու է արտաքին տնտեսական հարցերով
Այսօր 168.am կայքում տեղեկություն է հրապարակվել, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը բարձր պաշտոնի է նշանակվել «Գազպրոմ»-ում:
Տեղեկությունը ճշտելու համար Aysor.am-ը դիմեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն, որտեղից հաստատեցին Վարդան Հարությունյանի նշանակումը:
«Վարդան Հարությունյանը այսօր նշանակվել է «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ե.Բուրմիստրովայի խորհրդականի պաշտոնում: Ե.Բուրմիստրովան զբաղեցնում է նաև «Գազպրոմ»-ի դուստր ընկերության՝ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Վարդան Հարությունյանը զբաղվելու է արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող հարցերով», - մանրամասնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Վ.Հարությունյանը երկար տարիներ աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում (նախկինում՝ «ՀայՌուսգազարդ»), ղեկավարելով ընկերությունը 2010-2016 թվականներին: Մինչ այդ զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնաը, իսկ 2002–2009թթ. ղեկավարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը: