02/03/2020 18:03
Սարդինիա կղզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է իտալական Սարդինիա կղզում, հայտնում է «Sky TG24»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Նշվում է, որ հիվանդ տղամարդը հոսպիտալացվել է Կալյարիի հիվանդանոց: Ըստ Սարդինիայի իշխանությունների` առողջության բարձրագույն ինստիտուտը պետք է պաշտոնապես հաստատի դեպքը:
Հիվանդության առաջին տեղական բռնկումները Լոմբարդիայում՝ Միլանի մերձակայքում գտնվող Լոդի քաղաքում, նաև Վո բնակավայրում (Վենետոյի շրջան) գրանցվել են փետրվարի 21-ին:
Այնուհետև վարակի դեպքեր են հայտնաբերվել հյուսիսային այլ շրջաններում` Պիեմոնտեում և Էմիլիա-Ռոմանյեում: Առանձին դեպքեր են գրանցվել երկրի գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում` Լացիոյում:
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 1600-ի: 34 մարդ մահացել է, սակայն կորոնավիրուսից մահվան դեպքերը պետք է դեռ հաստատվեն: