02/03/2020 13:40
Իրանում կորոնավիրուսից պաշտոնյա է մահացել
Իրանում երկուշաբթի մահացել է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին, հայտնում է Fars-ը:
Մահվան ստույգ պատճառը չի նշվում: Սակայն գործակալությունը հայտնում է, որ ավելի վաղ պաշտոնյայի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Կիրակի երեկոյան նա հոսպիտալացվել էր Թեհրանում: Միրմոհամադին 72 տարեկան էր: Իր կյանքի ընթացքում նա երկու անգամ Ղոմի նահանգից ընտրվել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր:
Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել էր երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել են Ղոմ քաղաքում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իրանում վարակվածների թիվը կազմում է 978, գրանցվել է մահվան առնվազն 54 դեպք: