02/03/2020 14:40
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Երևանում «WATERLAND» ջրային հրավառությունը տեղափոխվել է ապրիլ ամիս
Մարտի 6-ին, 7-ին և 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա, տեղի կունենա ապրիլի 17, 18 և 19-ին:
Փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ կապված հասարակական վայրերում կուտակումների ոչ ցանկալի լինելով, դպրոցներում գարնանային արձակուրդները մարտի 2-ից 8-ը տողափոխվելով:
«WATERLAND»-ի առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է շնորհիվ ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, որոնք հանդես են գալիս տարբեր ժանրերում, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։ Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։
Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։
Նմանատիպ ջրային շոու, որը հագեցած է լուսային էֆեկտներով, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
Բոլոր նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել տոմսեր, կարող են վայելել «WATERLAND» ատրակցիոն շոուն ապրիլի 17-ին,18-ին և 19-ին: