04/03/2020 10:51
25 տարեկան նոր ավարտածը չի կարող որոշել մարդու ճակատագիր. Արման Աբովյանը՝ դատավորների տարիքային շեմն իջեցնելու մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը դեմ է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններին, որով, մասնավորապես, փոփոխվում է էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամների թիվը, փոփոխություն է կատարվում նաև հանձնաժողովի կազմում:
Արման Աբովյանի համար վիճահարույց է այն դրույթը, որի համաձայն իջեցվել է դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից դառնալով 25: Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ՝ վերացվել է դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը:
«25 տարեկան նոր ավարտածը, կամ երկու տարի ավարտածը չի կարող որոշել մարդու ճակատագիր: Խորհուրդ կտամ պարոն Գրիգորյանին ուսումնասիրեք Միացյալ նահանգների ֆեդերալ դատավորների տարիքային շեմը կամ Անգլիայի օրինակը, Ուկրաինան էլ կարաք ուսումնասիրեք», - դիմելով իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանին՝ ասաց Աբովյանը:
Գրիգորյանը տեղից միջամտեց՝ վիճարկելով Աբովյանի տեսակետը:
«Պարոն Աբովյան, էդ սադրանքներին ուշադրություն մի դարձրեք, Դուք Ձեր ելույթին», - կոչ արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ձերոնք սադրում են», - ասաց Աբովյանը:
Վերջինս ընդգծեց, որ եթե դատավորը պիտի կայացնի դատապարտյալի կյանքի հետ կապված լուրջ որոշումներ, ինչպես, օրինակ, ցմահ ազատազրկում, ապա պետք է առնվազն կյանքի փորձ ունենա:
«Եթե մարդ պիտի որոշում կայացնի՝ ուրիշ մարդու կյանքի հետ կապված, նվազագույնը պետք է ունենա կյանքի փորձ: Կարող է լինել փայլուն, շատ լավ իրավաբան, վունդերկինդ, բայց կան դրույթներ և պահեր, երբ այդ նժարի վրա մարդու ներքին համոզմունքն է դրվում: Նրանք դա չեն կարող կատարել», - ասաց Աբովյանը: