04/03/2020 16:11
Բանկային գաղտնիքի մասին օրենքի սահմանադրականության հարցը ՍԴ-ն կքննի բանավոր ընթացակարգով. Նախագահի դիմումն ընդունվել է քննության
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։ Գործի դատաքննությունը կսկսվի ապրիլի 28-ին՝ ժամը 11.00-ին։
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՍԴ աշխատակարգային որոշումից։
Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։ Որպես պատասխանող կողմ դատավարությանը կներգրավվի ՀՀ Ազգային ժողովը:
Արմեն Սարգսյանի դիմումի քննությունը կընթանա բանավոր ընթացակարգով։
«Հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, և դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ մասի և 72-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով»,-ասված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ: