04/03/2020 14:30
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ու Ազգային անվտանգության ծառայության։
Օրբելյանը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներն ու փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը:
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:
Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը 2020 թվականի հունվարի 30-ին Հանրային հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման ժամանակ տեղ գտած ռեպորտաժն է, որտեղ ներկայացվում է, թե Արամ Օրբելյանը 2018 թվականի մայիսից օգոստոս ամիսների ընթացքում պարբերաբար, կարգի խախտմամբ, մուտք ու ելք է ունեցել Սահմանադրական դատարան:
Փաստաբանը պնդում է՝ այս տվյալներն իրականությանը չեն համապատասխանում:
«Հրապարակումից հետո պարոն Օրբելյանը դիմել է թե՛ ԱԱԾ, թե՛ Հանրային հեռուստաընկերություն՝ խնդրելով, որպեսզի տրամադրվեն տեղեկատվության սկզբնաղբյուրները, եթե դրանք կան, սակայն պատասխան, ըստ էության, չի ստացվել, որովհետև այդ մասով ոչ մի տեղեկություն չեն հայտնել, թե ով է տեղեկության սկզբնաղբյուրը, ինչպես է պարզվել մի բան, ինչն իրականում տեղի չի ունեցել», - ասաց Նարինե Բեգլարյանը։
Նա նշեց, քանի որ օրենքը թույլ է տալիս անձին նաև վնասի փոխհատուցում պահանջել, պահանջել են նաև վնասի փոխհատուցում յուրաքաչյուր պատասխանողից՝ օրենսդրությամբ նախատեսված առավելագույն չափով։
«Օրենսդրությունը զրպարտության համար առավելագույն չափ նախատեսում է երկու միլիոն ՀՀ դրամը», - ասաց փաստաբանը։
Անդրադառնալով ԱԱԾ-ի կապին այս ռեպորտաժի հետ՝ փաստաբանն ասաց, որ ըստ Հանրային հեռուստաընկերության՝ իրենք ստացել են ինչ-որ տեղեկություններ ԱԱԾ-ից։
«Ներկայացվել է, որ ԱԱԾ-ն, ենթադրաբար, իրենց տվել է ինչ-որ տվյալներ, սրանով պայմանավորված է ներգրավված ԱԱԾ-ն։ Պարոն Օրբելյանը դեռ նյութերը չի ստացել՝ հասկանալու համար, թե ԱԱԾ-ն այդ տեղեկությունն ինչպես է արձանագրել», - ասաց Արամ Օրբելյանի ներկայացուցիչը։
Նարինե Բեգլարյանը նշեց՝ դատարանից ակնկալում են, որ բավարարի իրենց հայցադիմումը, իսկ եթե չբավարարի՝ կբողոքարկեն։