05/03/2020 09:57
«Ժողովուրդ». Մարտի 23-ին Երևանի պետական համալսարանում թեժ իրավիճակ է սպասվում
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարտի 23-ին Երևանի պետական համալսարանում թեժ իրավիճակ է սպասվում: Այդ օրը ԵՊՀ խորհրդի նիստում պետք է ԵՊՀ ռեկտորի թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ օրն էլ պետք է խորհուրդը արդեն ընտրի ԵՊՀ ռեկտորին։ Կարծես թե, ներկայացված թեկնածուներն այնքան էլ համապատասխան չեն, ինչի համար դեռևս անհասկանալի է, թե, ի վերջո, ԵՊՀ-ն ռեկտոր կունենա, թե ոչ:
Այս օրերին մի քանի անուն է շրջանառվում՝ ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան Ռուբեն Մելքոնյան, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյան, իրավաբանականի ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյան:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ինչ հանգուցալուծում է պատկերացնում ԵՊՀ-ի ռեկտորի ընտրության հարցում:
Հարցին՝ իշխանությունների սրտով են արդյոք այն թեկնածուները, որոնք առաջադրվել են ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար, վերջինս պատասխանել է. «Իշխանությունը խնդիր չի դրել իր առջև, որ որևէ մի թեկնածու պետք է իր սրտով լինի կամ չլինի»: