05/03/2020 13:02
Արդարադատություն իրականացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն լավ գիտելիքներ, այլև՝ կենսափորձ. Տարոն Սիմոնյան
Արդարադատություն իրականացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն լավ գիտելիքներ, այլև՝ կենսափորձ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն նախատեսվում է դատավորների թեկնածուների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25 տարեկանի։
«Պետք է կարողանալ գիտակցել մարդկային հարաբերությունների բազմաշերտ երևույթները։ Դրա համար իմաստություն է պետք, իսկ տարիքը խելացի մարդուն իմաստություն է հաղորդում։ Միաժամանակ, տարիքային ցենզի խնդիրը, մեր կարծիքով, ոչ թե այսպես պետք է դրվի, այլ պետք է դրվի փորձառության ցենզի խնդիրը։ Օրինակ՝ անձը պետք է 5-10 տարվա փորձառություն ունենա, որպեսզի կարողանա դիմել արդարադատության ակադեմիա։ Մեզ համար շատ կարևոր է, որ ՀՀ լավագույն իրավաբանները դառնան դատավորներ», - ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ կադրային սխալ քաղաքականության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։