05/03/2020 09:44
«Փաստ». ԵՊՀ ռեկտորի իշխանության թեկնածուն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցում իշխանությունները որոշում կայացնելուն շատ մոտ են: Թերթի աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ իշխանության թեկնածուն ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է:
Վերջինիս հարցերը իշխանության բարձր օղակներում լուծել է Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի օգնական, իսկ հիմա ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Վահրամ Դումանյանը ՀԱԿ համակիր է, Բաբկեն Արարքցյանի երկարամյա ընկերը, իսկ Սամվել Կարաբեկյանը երկար տարիներ եղել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչը:
ԿԳՄՍ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում սովորելու ընթացքում աջակցել է հենց Սամվել Կարաբեկյանը: Բացի դրանից, Վահրամ Դումանյանը, Սամվել Կարաբեկյանն ու Արայիկ Հարությունյանը 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի շարժման ակտիվ մասնակիցներ են:
Հիմա բոլորը սպասում են ԵՊՀ ռեկտորի հարցում վերջնական որոշմանը, որը կայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Թերթի աղբյուրը նշում է, որ փաստացի Վահրամ Դումանյանը ԵՊՀ ռեկտոր կդառնա Փաշինյան-Տեր-Պետրոսյան մեծ գործարքի արդյունքում: