06/03/2020 18:07
Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրան ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 10-ը, ժամը 13։00-ն։
Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի Փաստաբանական թիմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմնվելով նոր ի հայտ եկած հանգամանքների վրա։ Մասնավորապես, պաշտպան Հայկ Ալումյանը մեջբերել էր ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, նաև Արթուր Վանեցյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի գաղտնալսումների սղագրությունը, որտեղ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանքի հարցը։
Բացի այդ, պաշտպանը հղում էր արել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցում հետևյալ հայտարարությանը․ «այսօրվա իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ»։