06/03/2020 14:26
Գլխուղեղի փակ տրավմա, ուղեղի այտուց, քթի ոսկորների բազմակի կոտրվածք, ծնոտի, ամրակի, կողի կոտրվածք. Բժիշկը ներկայացրեց Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա առողջական վիճակը
Գիշերը ժամը 1։30-ին «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցների կողմից ռեանիմոբիլով Գյումրիից Երևան է տեղափոխվել պոլիտրավմայով 13 տարեկան աղջիկ։ Նա միացված է եղել արհեսատական շնչառության սարքի, եղել է անգիտակից վիճակում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում լրագրողներին ասաց ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը՝ ներկայացվելով նախօրեին Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա առողջական վիճակը։
«Գյումրիում կատարվել են անհրաժեշտ բժշկական միջամտությունները, ինկուբացիա։ Անհրաժեշտ բոլոր բուժման և հետազոտման մեթոդներից և իր վիճակի որոշակի կայունացումից հետո երեխան տեղափոխվել է «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Քիչ առաջ կատարվել է կրկնակի պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա, որը հաստատել է՝ երեխան ունի ծանր, զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, ունի արյունազեղում, քթի բազմակի ոսկորների կոտրվածք, ծնոտի կոտրվածք, ամրակի կոտրվածք, 10-րդ կողի կոտրվածք, բազմակի սալջարդեր, որովայնի սալջարդ, կրծքավանդակում՝ արյան կուտակում», - ասաց Նիկոլայ Դալլաքյանը։
Բժշկի խոսքով՝ երեխան շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքի։
Բժշկական կենտրոնի ղեկավարն ասաց, որ իրենց դեռևս աղջկա հարազատներից որևէ մեկը չի դիմել, չի հետաքրքրվել նրա առողջական վիճակով։