06/03/2020 13:51
Ոստիկանությունը հանրությանը վտանգ ներկայացնող որևէ մեկին ասֆալտին պառկեցնելու համար միջնորդության կարիք չունի. Սարգսյան
Ուժային կառույցները գործում են օրենքի սահմաններում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով ոստիկանների՝ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տուն ներխուժելու դեպքին։
«Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը չի կարող հետապնդվել։ Կարող եմ ենթադրել, որ ոստիկանության գործողությունները եղել են օրենքի սահմաններում։ Հասարակության բողոք չկա։ Առկա բողոքները շատ արագ լուծվում են մեր միջնորդությամբ։ Բոլոր բարձրացվող հարցերը լսելի և շատ արագ լուծելի են», - ասաց պատգամավորը։
Անդրադառնալով ոստիկանների ներխուժումից հետո Վարդանյանի փաստաբանների պահանջին՝ համապատասխան փաստաթղթեր ցույց տալ՝ Հայկ Սարգսյանն ընդգծեց, որ ոչ բոլոր իրավապահները նման իրավասություն ունեն, և փաստաբանները, հավանաբար, ճիշտ աշխատակցի չեն դիմել։
Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանին գործարք առաջարկելու մասին հարցազրույցին, պատգամավորը նշեց.
«Չեմ կարծում, որ նման գործարք ոստիկանության կողմից ներկայացվել է։ Ոստիկանությունը հանրությանը վտանգ ներկայացնող որևէ մեկին ասֆալտին պառկեցնելու համար միջնորդության կարիք չունի և կարող է դա անել օրենքով սահմանված կարգով»։